Հուսով ենք՝ ՄԻԵԴՆ-ն արագ կարձագանքի Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմումին. Եղիշե Կիրակոսյան

ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Հակարիի ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ Հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության երաշխավորման մասով անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց պահանջելու դիմումը երեկ ուղարկել են ՄԻԵԴ, պահանջել են երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները՝ կյանքի իրավունք,  խոշտանգման, անմարդկային, դաժան վերաբերմունքի արգելք։

«Հուսով ենք՝ արագ կարձագանքի դատարանը։ Կապի մեջ ենք իր հարազատների հետ էլ»,- ասաց նա։

Անդրադառնալով Բաքվի «սև ցուցակում» ընդգրկված անձանց ձերբակալությունները կանխարգելելմանը, Ե. Կիրակոսյանն ասաց. «Ցավոք սրտի, կանխարգելել չեմ  պատկերացնում, թե ինչպես հնարավոր կլինի անել, բայց… Ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնց  մասին շուտով կիմանաք։ Կփորձենք այդ հնարավոր  իրավական միջոցները օգտագործել, որպեսզի կանխարգելման ուղղությամբ էլ աշխատենք»։