Արցախում ծնվել եմ, այստեղ էլ կշարունակեմ ապրել․ Վիտալի Բալասանյան․ Tert.am

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի պատրաստվում լքել Արցախը։ Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում։
«Ես Արցախում ծնվել եմ 1959 թվականի մարտի 5-ին, առավոտյան ժամը 08։00-ին, Ասկերանում՝ Դանիելյան փողոց 25-ում։ Հիմա էլ այստեղ եմ ապրում և շարունակելու եմ ապրել»,- հայտարարեց Արցախի հերոսը։

Ինչ վերաբերում է Արցախը լքող զինվորականներին, նախկին պաշտոնյաններին և հասարակ քաղաքացիներին, նա նշեց․

«Հիմա չխոսենք դրա մասին, ամեն մարդ թող ինքը որոշի։ Գնացողը գնում է, մնացողը՝ մնում։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ապրելու վայրը»,- նշեց արցախցի նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ յուրաքանչյուրի որոշումը պետք է հարգել։
Ավելի վաղ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ արդեն Երևանում է։

Հիշեցնենք, որ ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ: Հայաստանի կառավարության փոխանցմամբ  նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: