Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են Քննչական կոմիտե

Անդրանիկ Թևանյանին վարչական վարույթի շրջանակներում տեղափոխում են Քննչական կոմիտե, գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Որևէ քրեադատավարական հիմք չի ներկայացվել»,-գրել է փաստաբանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին՝ նրան տեղափոխելով ոստիկանության Էրեբունի բաժին:

Ձերբակալությունը տեղի է ունեցել Բուզանդ փողոցում։

Այսօր առավոտից Թևանյանը և ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։

Նշենք, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են ընթանում, նաեւ բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:

Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։