Իրանը վերսկսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը

Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի մասին տեղեկություններից հետո Թեհրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Հայաստանից և Ադրբեջանից դեպի Իրան չվերթերի արգելքը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալության հրապարակումից։

«Երբ ռազմական գործողությունների բռնկման մասին հաղորդումներ եղան, մենք թռիչքների արգելք մտցրինք։ Այսօր հայտնի դարձավ հրադադարի մասին, ուստի որոշ չվերթերի իրականացումը թույլատրվեց», – իրանական ԻՍՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 19-ին գերատեսչությունը ծանուցում էր ուղարկել թռիչքային անձնակազմերին՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներով դադարեցվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը։

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 20-ին հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Արցախում սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որից 13-ը երեխաներ են: Հաստատվել է 10 քաղաքացիական զոհ, որից 5-ը՝ երեխա։