ԼՂ ներկայացուցիչը նշել է՝ վերջնական պայմանավորվածություն չկա, Բաքվի ներկայացուցչի կարծիքով` այս բանակցությունները կարող են բերել խաղաղության հաստատման

ԼՂ ներկայացուցիչը նշել է, որ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա, պետք է մանրամասները համաձայնեցվեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներկայացուցչի կարծիքով` այս բանակցությունները կարող են բերել խաղաղության հաստատմանը, որով հակամարտությունը կավարտվի։

Ռուսաստանի ներկայացուցիչները ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնում նշել են «բարեհաճ տրամադրվածությունը Եվլախի բանակցություններում, խաղաղապահների աշխատանքին ոչ ոք չի խանգարում, սերտ փոխգործակցություն կա ադրբեջանական կողմից», «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչներից մեկը։

«Սերտորեն աշխատում ենք ադրբեջանական, թուրքական կողմերի հետ։ Խոչընդոտներ մեր աշխատանքում ոչ ոք չի ստեղծում, հակառակը, բոլորն առավելագույն աջակցություն են ցուցաբերում, կողմերը բարեհաճ են տրամադրված։ Լիակատար փոխըմբռնում եւ փոխօգնություն կա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցենք, որ Արցախի ներկայացուցիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկնել են Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու»։

Արցախյան կողմը ներկայացնում են ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։