Ընտրություններից առաջ փորձում են բթացնել ընտրողների զգոնությունը, փափուկ բարձ դնել նրանց գլխի տակ ու չեզոքացնել տագնապի զգացումը
Որ հանկարծ չգործի ինքնապահպանման բնազդը, և իրենց քվեարկությամբ Նիկոլ հայադավին գրողի ծոցը չուղարկեն
Ինչպես Նիկոլ հայադավը, այնպես էլ իր ոհմակի (չարախմբի) բազմաթիվ անդամներ ստում են: Նրանցից մեկն էլ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն է, որը մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարել է, թե հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ կան, սակայն ճգնաժամ չկա։ Լո՞ւրջ…
Պնդում ենք ճիշտ հակառակը՝ կա՛ ճգնաժամ և այն էլ այնպիսի ճգնաժամ, որը կարելի էր միայն Ադրբեջանին ցանկանալ…
Սաֆարյանին կարելի է ստելու մեջ չմեղադրել միայն այն դեպքում, եթե նա «ճգնաժամ» ասելով, նկատի ունի այն իրավիճակը, որն առկա է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, սակայն նշված պետությունների ներկայիս հարաբերություններում վաղուց արդեն ոչ թե ճգնաժամ, այլ թշնամություն ու պատերազմ կա: Եվ որպեսզի Նիկոլ հայադավը և իր իշխանությունը Ռուսաստանի հանդեպ Հայաստանի հարաբերությունները չհասցնեն այդ նույն վիճակին, հարկ է, որ ընտրողները Նիկոլի ոհմակին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածին (ՔՊ՝ «Քեմալական պայմանագիր», քվեաթերթիկ թիվ 16), ուղարկեն քաղաքական գերեզմանոց:
Ինչպես գրել ենք ավելի վաղ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Մոսկվայում կանչել էին ՌԴ արտգործնախարարություն՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի պատճառով։ Արսենյանին հայտարարել էին Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար Զելենսկուն ամբիոն տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին։ «РИА Новости»–ի տեղեկացմամբ, Հայաստանի դեսպանի հետ «խոսակցությունը չափազանց կոշտ է եղել»։
Հայաստանի արտգործնախարարի տեղակալը նույն ճեպազրույցի ընթացքում նշել է, որ ռուսական կողմը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հայտագիր է փոխանցել, որին, եթե կարիքը լինի, հայկական կողմը կպատասխանի։ Հայտագրի բովանդակությունը բացահայտել չի ցանկացել, ընդամենը նշել է, որ այն առնչվում է Երևանում կայացած գագաթնաժողովին։ Հարց՝ եթե հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես Սաֆարյանն է ներկայացրել, ընդամենը որոշ խնդիրներ կան, սակայն ճգնաժամ չկա, ապա ինչու չի բացահայտել վերոնշյալ հայտագրի բովանդակությունը: Կարծում ենք, չի բացահայտել, որպեսզի ջրի երես դուրս չգա հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, հետևաբար և իր սուտը, թե այն գոյություն չունի:
Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմն արդյոք մտահոգություն չունի՞, որ հայ-ռուսական հարաբերություններն այս ամենի հետևանքով կարող են սրվել, Սաֆարյանը, կոծկելով արդեն նույնիսկ առկա իրականությունը, ասել է, թե նման գնահատական չէր տա: Մինչդեռ եթե Նիկոլ հայադավն առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում վերստին իշխանության գա, հայ-ռուսական ներկայիս սրված ու վատ հարաբերություններն առաջիկայում վատից վերածվելու են վատթարագույնի: Հայաստանի արտգործնախարարի տեղակալի մյուս սուտն էլ այն է, թե հայկական կողմը ներկայում նորմալ կոնտակտի մեջ է ռուս գործընկերների հետ։ Մի՞ թե այս հայտարարությունը չունի հանրությանը մոլորեցնելու նպատակ:
Ի՞նչ է նշանակում «նորմալ կոնտակտի մեջ է»… Լավագույն դեպքում կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի արտգործնախարարությունում Հայաստանի ԱԳՆ-ից զանգերին դեռ պատասխանում են, չեն արհամարհում, չեն անջատում հեռախոսը: Եթե զուտ դա նկատի ունի Սաֆարյանը, ապա չի ստում, բայց միայն դա բավարա՞ր է ՌԴ արտգործնախարարության կամ Մոսկվայի հետ հայկական կողմի այժմյան շփումները նորմալ համարելու համար…
Ինչպես արդեն գրել ենք, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը (նկատի ունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին) խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը:
«ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։
ՀՀ ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների հավանությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմների մեջ»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Ավելին. ըստ էության, ի հերքումն Հայաստանի արտգործնախարարի տեղակալի վերոնշյալ հայտարարությունների, Կրեմլը հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, Հայաստանին կոչ է արել պարզաբանումներ տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երևանյան այցի կապակցությամբ: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում աննորմալ է համարել Երևանի կողմից «բացարձակ հակառուսական արտահայտություններին հարթակ» տրամադրելը։
«Իհարկե, երևի Երևանից ինչ-որ պարզաբանումներ կսպասեին»,-ասել է նա:
Ըստ Պուտինի մամուլի քարտուղարի, Մոսկվային անհասկանալի է, թե Փաշինյանն ինչու չի փորձել «հավասարակշռել» այդ արտահայտությունները:
«Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանից հակառուսական արտահայտություններ հնչում,- ասել է Պեսկովը։- Սա մենք չենք հասկանում։ Իսկ ինչու Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում ինչ-որ կերպ հավասարակշռել դա իր հայտարարություններով։ Սա դեռ չենք կարող բացատրել»:
Նշելով, որ Հայաստան- ԵՄ գագաթնաժողով անցկացնելը Երևանի «բացարձակ ինքնիշխան իրավունքն է», Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայի համար կարևորն այն է, որ Երևանը հակառուսական դիրքորոշում չզբաղեցնի: Մինչդեռ, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը Մոսկվա կատարած վերջին այցերի ընթացքում թեև հավաստիացրել է, որ Ռուսաստանի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկելու, սակայն խախտել է խոստումը:
Ինչպես հայտարարել է Զախարովան, Ռուսաստանում վրդովված են, որ եղբայրական երկիր համարվող հանրապետությունն ամբիոն է դարձել Ուկրաինայի առաջնորդի համար, որին այնտեղ ընդունել են «շատ ջերմ»: Զախարովան հետաքրքրվել՝ այսպիսով «Դուք ո՞ւմ եք աջակցում պատմական համատեքստում»։
Մայիսի 9-ին Պուտինը հայտարարել էր, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ քննարկման կարիք ունեն»: Նրա խոսքով՝ ռուսական կողմը կաջակցի «այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին», բայց Երևանի համար «և՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների, և՛ մեր՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ ճիշտ կլինի» հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում, օրինակ՝ հանրաքվե անցկացնել:
«Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և Հայաստանի քաղաքացիներին հարցնել, թե որն է լինելու իրենց ընտրությունը,- ասել է Պուտինը:- Ըստ այդմ, մենք էլ համապատասխան հետևություններ կանեինք…»:
Արթուր Հովհաննիսյան

