Պուտինն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը: «Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այդ հարցերի շուրջ փոխգործակցել ռուս խաղաղապահների հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցային աշխատանքը՝  2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հունով, առաջին հերթին՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասով»,-ասվում է հաղորդագրության մեջ։