Մակրոնը Քենիայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ դժգոհել է դահլիճում աղմուկից

Էմանուել Մակրոնը էմոցիոնալ արձագանք է տվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում անցկացվող «Աֆրիկան առաջ» գագաթնաժողովի ընթացքում դահլիճում տիրող աղմուկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջադեպի տեսանյութը լայն տարածում է ստացել համացանցում։

Նշվում է, որ աֆրիկացի խոսնակների ելույթների ընթացքում դահլիճում շարունակական աղմուկ է եղել, իսկ ներկաները միմյանց հետ ակտիվ զրույցներ են վարել՝ չնայած շարունակվող քննարկումներին։

Մի պահ Մակրոնը մոտեցել է խոսափողին և դժգոհություն հայտնել իրավիճակից։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ նման պայմաններում անհնար է քննարկել մշակույթի և քաղաքականության հարցեր, իսկ դահլիճում տիրող վարքագիծը անհարգալից վերաբերմունք է ելույթ ունեցող մասնակիցների նկատմամբ։

Նա նաև առաջարկել է անձնական զրույցներ վարողներին լքել դահլիճը կամ տեղափոխվել երկկողմ հանդիպումների համար նախատեսված տարածքներ։

Մակրոնի դիտողությունից հետո, ըստ հաղորդագրությունների, դահլիճում աղմուկը նկատելիորեն նվազել է։