Էրդողանն առաջարկում է քառակողմ հանդիպել առանց Իրանի․ եթե Հայաստանը համաձայնի՝ իրավիճակն ավելի փակուղային կդարձնի

Ադրբեջանի հարցերով փորձագետ,  պ․գ․ թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Էրդողանն առաջարկել է հարցով քառակողմ հանդիպում անցկացնել՝ ՌԴ–ի, Ադրբեջանի ու ՀՀ–ի ղեկավարների հետ՝ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: Սա Իրանին գործընթացից դուրս թողնելու հերթական փորձն է:

Տարածաշրջանային հարցերի մեջ առաջին հերթին հենց մտնում է Սյունիքով անցնելիք ճանապարհի հարցը, ինչի դեմ հանդես է գալիս իրանական կողմը: Իմ տպավորությամբ, ՀՀ–ի դեմ ագրեսիվ քայլերը այս փուլում կանխվել են հենց Իրանի միջնորդությամբ: Միաժամանակ Փաշինյան–Էրդողան զանգի ժամանակ վստահորեն քննարկվել է ճանապարհի թեման: Այդ հարցով շահագրգռված են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ ՌԴ–ն:

Էրդողանի հետ զրույցից հետո Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, որ իրենք կողմ են ճանապարհին՝ ակնարկելով, որ խնդիրը հենց «միջանցք» բառն է: Իբրև այդ ճանապարհով գազամուղներ են անցնելու, ՀՀ–ն էլ դրանից բացառիկ շահելու է: Հիշեցնեմ, որ ՀՀ–ին չեն թողնում անգամ Երասխում գործարան կառուցել, ուստի ամբողջությամբ կեղծ խոսույթ է, թե Թուրքիային ու Ադրբեջանին արված միակողմանի զիջումների գնով խաղաղության կհասնեն, հետո էլ ՀՀ–ն տնտեսապես կզարգանա: Փաստերը հակառակի մասին են:

Ինչևէ, Իրանը հանդես է գալիս առհասարակ որևէ ճանապարհի գործարկման դեմ, նրանք առաջարկում են, որ այդ ճանապարհն անցնի հենց Իրանի տարածքով, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ: Տպավորություն է, որ Փաշինյանը այլ քաղաքական գիծ է որդեգրել, դրա համար էլ Արարատ Միրզոյանի ու Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցը կոշտ երանգներ ուներ:

Հիմա արդեն Էրդողանը առաջարկում է քառակողմ հանդիպել ու հարցերը լուծել առանց Իրանի: Եթե ՀՀ–ն նման հանդիպման գնա, ապա էլ ավելի փակուղային կդարձնի իրավիճակը՝ մեծացնելով մեր դեմ սպառնալիքների ռիսկը:

Խնդիրը Իրանը չի, խնդիրը մեր շահն է, մեր շահը թելադրում է մաքսիմալ անխոցելի ու պաշտպանված պահել Սյունիքը արտաքին միջամտություններից: Պատահական չի, որ դեռ մեկ դար առաջ Նժդեհն ու նրա համախոհները գիտակցում էին Սյունիքի նշանակությունը հենց Հայաստանի՝ որպես պետության գոյության համար»: