Աշխարհը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի ցեղասպանությունը կանխելու, 120000 անմեղ մարդկանց փրկելու համար. Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը սեպտեմբերի 14-16 Հանոյում ընթացող Միջխորհրդարանական միության` երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին խոսել է Արցախի շրջափակման և դրա հետևանքների մասին:

Նա իր ելույթում ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք մի շատ կարևոր թեմա՝ երիտասարդ խորհրդարանականների դերը մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու գործում՝ ի աջակցություն կայուն զարգացման:

Դա նշանակում է, որ նոր տեսլականներով և նոր գաղափարներով երիտասարդ պատգամավորները պետք է ազդեն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քաղաքականության մշակման վրա:

Եթե դա աշխատի, ես հավատում եմ, որ բազմաթիվ տարածաշրջաններում ավելի քիչ կլինեն քաղաքական և հումանիտար ճգնաժամերը: Եթե դա աշխատեր, կարծում եմ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ճգնաժամը տեղի չէր ունենա։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ գրեթե 9 ամիս, Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի (Բերձոր) միջանցքով անցնող ճանապարհը։ Շարունակվող շրջափակումը հանգեցրել է Արցախի միակ կյանքի ճանապարհի ֆիզիկապես խոչընդոտման, թողնելով ողջ բնակչությանը լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների: 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների, դեղորայքի, սննդի, վառելիքի:

Արցախի երիտասարդները, ովքեր պետք  է ունենան հնարավորություն ստանալ լավ կրթություն և հետագայում ներգրավվել պետական կառավարման և քաղաքականության մշակման գործընթացում, այժմ բախվում են կրթության իրավունքի բավարար իրացման մարտահրավերներին:

Հելեն Դադայան. խնդրում եմ հիշեք այս անունը: Օգոստոսի 14-ին ողբերգական վթարի զոհ է դարձել 21-ամյա Հելեն Դադայանը։ Օգոստոսից՝ մեկ ամսից ավելի, Ադրբեջանը թույլ չի տալիս նրա դին վերադարձնել ընտանիքին, հայրենիք՝ Արցախ։ Սա ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, ոչ միայն մշակութային բազմազանության արհամարհում, սա մարդկային ողբերգություն է։

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի փորձագիտական կարիծիքի վրա։ Կարծիքում պարոն Օքամփոն հստակ նշում է. «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ պարագաների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի։

Այսօր աշխարհը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Ցեղասպանությունը կանխելու, 120000 անմեղ մարդկանց փրկելու համար։

Մենք՝ խորհրդարանականներս, պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա՝ հանելու Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, հարգելու մարդու իրավունքները և մշակութային բազմազանությունը։

Շնորհակալություն ուշադրության համար»։