Փաշինյանի վախերը կյանքի՞ են կոչվում

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց, թե ինչպես կքվեարկեն երևանցիներն առաջիկա ավագանու ընտրություններին։ Ըստ հարցման արդյունքների՝ ոչ մեկը չի կարող միայնակ հաղթահարել անցողիկ 50%-ի շեմը, եթե նույնիսկ ՔՊ-ն հաղթանակ գրանցելու համար ընտրակեղծիքներ իրականացնի։

Եվ գուցե ՔՊ ներսում հենց այդ գիտակցումից ելնելով էլ գործի անցավ ծանր հրետանին։ Սկզբում ընտրարշավի մասնակից դարձավ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը և պատկերն ավելի սարսափելի դարձրեց հենց ՔՊ-ի համար՝ լրագրողներին իր տված մի շարք անհեռատես պատասխաններով և քաղաքացիների կողմից ոչ այնքան ջերմ ընդունելությամբ (հիշենք վերջինիս վրա ջուր լցրած աղջկան և այդ ամենին իր կոշտ արձագանքը)։ Այսպիսով՝ ՔՊ-ում հասկանալով իրենց անմխիթար վիճակը՝ այս անգամ երևան եկավ վարչապետի պաշոտնն զբաղեցնող անձը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին։

«Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երևանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով:

Այս թիմին աներկբա կարելի է վստահել Երևան մայրաքաղաքի կառավարումը»։

Հանրային աջակցությունից և շնորհավորական խոսքերից զատ՝ Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի վերջին օրը հայտարարել է քայլարշավ և հանրահավաք, որին, ըստ որոշ լրատվամիջոցների և կազմակերպությունների՝ հրահանգվել է մասնակցել ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին։

«Այսօր, սեպտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակից քայլում ենք մայրաքաղաքի երթով, ինքնիշխանության երթով, պետականության երթով:

Ինձ համար պատիվ է ձեզնից մեկը լինել»․ Նիկոլ Փաշինյան։

Նիկոլ Փաշինյանն ակնհայտ իր շահագրգռվածությունն է ցուցադրում Երևանի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, և սա ամենևին այն պատճառով չէ, որ ցանկանում է Կառավարություն-քաղաքապետարան համագործակցության մեջ աշխատել իր իսկ թիմակցի հետ։ ՔՊ-ականների և Փաշինյանի նմանօրինակ ջանքերը պայմանավորված են բացառապես իրենց վարած քաղաքականության նկատմամբ (Իր թրքամետ և անփառունակ քաղաքականությամբ Արցախը և արցախահայությանը հանձնում է Ադրբեջանին, և հիմա էլ շարունակում է նվիրաբերել Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքներ։) հանրային մեծ դժգոհության լռեցման հանգամանքով։

Բայց սա դեռ ամենը չէ։ Նիկոլ Փաշինյանի այս ակտիվությունը պայմանավորված է նաև իր վախերով, որոնք, կարծես, կյանքի են կոչվում․ հիմա ինչպես ասում են՝ հերթով, կարգով, շարքով․․․

Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ համահայկական հանրահավաք՝ հաջակցություն Արցախի Հանրապետության և Արցախի մեր հայրենակիցների։ Այդ մարդաշատ հանրահավաքին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահները, որոնք նաև կարողացան շփվել հայրենակիցների հետ, և ՀՀ 3-րդ նախագահն անգամ կարճ, բայց շատ խոսուն ճեպազրույց տվեց լրագրողներին։ Հենց այդ ճեպազրույցում հնչած մտնքերն էլ հոգեվարքի մեջ գցեցին իշխանամետ մի շարք շրջանակների, որոնք շտապեցին հիշեցնել իրենց գոյության մասին և արջի ծառայություն մատուցել սեփական տերերին, պակաս ջղաձգումների մեջ էին հայտնվել նաև քպ-ական որոշ ներկայացուցիչներ։

Իսկ ինչ էր ասում Սերժ Սարգսյանը․

Նախագահը, կարևորելով Արցախի հարցը՝ ընդգծեց, որ դեռևս հնարավորություններ կան բեկում մտցնելու համար։ «Արցախը միշտ էլ գործոն է եղել, և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել։ Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ, այո, Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու»,- հավելեց Սարգսյանը։

Բացի վերոնշյալից, նախագահը իշխանափոխության, նիկոլ Փաշինյանի հեռացման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան ընդգծեց․ «Հռետորական հարցեր եք տալիս։ Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա».

Բնականաբար, այս լակոնիկ, բայց այդքան խոսուն միտքը չէր կարող վրիպել հանրության ուշադրությունից և ինչպես LIVEnews.am կայքի «Մտորենք միասին» հաղորդաշարի ժամանակ «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, անգամ աշխարհասփյուռ հայությունն է ուշի-ուշով հետևել հանրահավաքին և չափազանց կարևոր ազդակ համարել ՀՀ 3-րդ նախագահի այս խոսքերը, քանզի ըստ վերջիններիս՝ նախագահը երբեք ոչ մի ավելորդ միտք չի շռայլում և իշխանազավթումից հետո 3-րդ նախագահն այսքան հաստատուն դիրքորոշում չէր հայտնել։

Նախագահի այս խոսքերն ազդակ են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ահազանգ հայաստանյան այսօրվա իշխանությունների և նրանց ուղղորդող ղեկավարների համար, որոնց մասին խոսել է նախագահը 2021թ․ապրիլին «Արմնյուզ»-ին տված ծավալուն հարցազրույցում՝ ընդգծելով, որ ինքը պարտվել է ավելի մեծ ուժերի․ այդպիսի ուժեր կային և  Արևմուտքում և Հյուսիսում․ «Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ին, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ»։

Այս ամենին գումարվեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ընդգրկուն և հայտնի ելույթը, երբ հայտարարեց՝ «շուտով, երբ կանչը հնչի, կլինի գործողությունների ժամանակը», որից հետո քպ-ականները իրար հերթ չտալով փորձում էին ներկայացնել, թե իբր իրենք անուշադրության են մատնում այս հստակ մեսիջներն ու հայտարարությունները, իսկ իրականում ի ցույց էին դնում սեփական վախերը։

Փաստացի, ՔՊ-ականները և հենց ինքը Նիկոլ Փաշինյանը վախենում են ՀՀ 3-րդ նախագահից, ում 2018-ին արտաքին ուժերի ձեռամբ տարբեր ստերով և մանիպուլյացիաներով (թալանի մասին նրանց բոլոր ստերը հերթով փուչիկի պես պայթում են, վերջին պայթյունը Բադեն-Բադեն միֆն էր, որը փոշիացավ հենց իրենց ձեռքերով) մերժեցին՝ ի կատար ածելու հայակործան իրենց ծրագիրը։ Եվ այսօր նրանց գերնպատակն է իրենց տերերին և հենց իրենց իսկ փորձել ապացուցել, որ հայ ժողովուրդը դեռ գտնվում է իրենց մանիպուլյացիաների և կեղծիքների ազդեցության տակ, ուստի ամեն գնով փորձելու են հաղթանակ ապահովել Երևան քաղաքի առաջիկա ընտրություններում։

Իսկ ի՞նչ է անելու հայ ժողովուրդը, ի՞նչ է անելու երևանցին, հերթական անգամ հնարավորությո՞ւն է ընձեռելու  քպ-ականներին մոլորեցնել իրեն և մեծացնել Եռաբլուրը, թե տեր է կանգնելու իր իսկ քվեին։ Ժամանակը ցույց կտա։

Ժաննա Ծառուկյան