ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. գերմանացի մասնագետներ

«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ ու եկել եզրակացության, որ տնտեսական տեսանկյունից դա խելամիտ որոշում կլինի ու օգուտ կբերի թե տնտեսությանը, թե առանձին բիզնեսներին

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հետազոտության, վերլուծության արդյունքները ՀՀ ազգային ժողովում ներկայացրեց «Բեռլին Էկոնոմիկս»-ի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և «Բեռլին Էկոնոմիկս» կազմակերպությունը նաև ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Կազմակերպության գործադիր տնօրենը նշեց՝ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է, հետևաբար չկա ուղղակի առևտուր երկու երկրների միջև, առևտուրն իրականացվում է անուղղակի՝ Վրաստանի միջոցով: «Դա սահմանափակ ու բավականին ծախսատար առևտուր է»,-ասաց Ջիուչին:

Նա նկատեց՝ Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման որոշումը կլինի, իհարկե, քաղաքական, սակայն դա կունենա տնտեսական ազդեցություն:  «Բեռլին Էկոնոմիկս»-ի գործադիր տնօրենն ընդգծեց, որ իրենք քաղաքականության խորհրդատուներ չեն, տնտեսագետներ են, հետևաբար հարցը դիտարկել են միայն տնտեսական տեսանկյունից:

Թե որքան կլինի Թուրքիայի հետ առևտուրը, եթե սահմանը բացվի, «Բեռլին Էկոնոմիկս»-ի թիմը գնահատել է երկու մեթոդով, որոնցից մեկը կոչվում է «ձգողականության մոդել»: Այս մոդելով դիտարկումն արվում է ոչ թե ըստ կոնկրետ ապրանքների, այլ, թե ինչպիսին են հարևան երկրները, ինչ չափեր են ունեն, ինչ գործընկերներ են, դրանով հաշվում են, թե նորմալ առևտուրը որքան պետք է լինի երկրների միջև: Մյուսը «առևտրի փոխլրացման մոդելն» է, որը դիտարկում է կոնկրետ ապրանքատեսակները, երկրի արտահանման զամբյուղը, մյուս երկրների ներկրման զամբյուղը՝ հասկանալու, թե զամբյուղները համընկնում են, թե ոչ:

Հետազոտությունն արվել է 1 տարի առաջ, այսպիսով` դիտարկել են 2021-ի տվյալները:

«Ըստ «ձգողականության մոդել»-ի վրա արված կանխատեսման՝ Հայաստանը պետք է իր առևտրի 12 տոկոսը կատարեր Թուրքիայի հետ, եթե սահմանը բաց լիներ, լիներ ազատ առևտուր: Սակայն 2021-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի մեջ Թուրքիայի մասնաբաժինը եղել է 1 տոկոս»,-ասաց Ջիուչին:

«Առևտրի փոխլրացման մոդել»-ի համաձայն՝ սահմանի բաց լինելու պարագայում 2021-ին պետք է լիներ ավելի շատ արտահանում դեպի Թուրքիա: Ըստ գերմանացի մասնագետների կանխատեսման՝ պետք է էապես աճեր խմիչքի, ծխախոտի, զարդերի արտահանումը: «Ընդհանուր առմամբ արտահանումը կաճեր 185 մլն դոլարով: Դա կնշանակեր 2021-ի ընդհանուր արտահանման 6.7 տոկոսը»,-ասաց Ջիուչին՝ հավելելով, որ ներմուծումը ևս կաճեր, 678 մլն-ի հնարավոր ներկրումներ կարող են լինել Թուրքիայից:

«Մեր եզրակացությունն այն է, որ բացառապես տնտեսական տեսակետից՝ սահմանը բացելը խելամիտ կլինի, որովհետև դա բիզնեսի համար կստեղծի արտահանման և ներկրման հնարավորություններ՝ բավականին ցածր գներով: Իհարկե, որոշ տեղական արտադրողներ կարող են որոշակի ճնշման ենթարկվել, բայց ընդհանուր առումով արդյունքը դրական ու էական կլինի»,-ասաց կազմակերպության գործադիր տնօրենը: