ՀՀ օդանավակայաններում նոր տեխնոլոգիաներ կկիրառվեն՝ ուղևորների արագ և որակյալ սպասարկման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգի  մեջ:

Այս որոշմամբ ներդրվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանները, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում ուղևորների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և անվտանգության համակարգերի կիրառումը, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին և ընթացիկ տարում օդանավակայանում ուղևորների փոխադրումների աճի հետ կապված կիրառվող ընթացակարգերը հնարավորություն չեն տալիս ապահովելու ուղևորների արագ անցումը ավիացիոն անվտանգության հսկողության գոտի, որն էլ իր հերթին առաջացնում է ուղևորների սպասարկման ընթացքում հերթերի գոյացումներ և դժոգություններ։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել և կիրառել նորագույն տեխնիկական միջոցներ և նորարարական գործընթացներ օդանավակայաններում ուղևորների արագ և անվտանգ սպասարկման համար։