ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-9

Սկիզբը՝  այստեղ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը շարունակում է ծանոթացնել Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին։

Սկզբնական շրջանում մյուռոնօրհնությունը կատարվում էր Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը: 19-րդ դարի «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ օր: Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվում է Վարագա Ս. Խաչի տոնին, որը խաչին նվիրված հայոց ազգային-եկեղեցական ինքնատիպ տոնն է:

Հաշվի առնելով, որ այդ օրը բազմաթիվ ուխտավորներ են ժամանում Ս. Էջմիածին աշխարհի բոլոր կողմերից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի եղանակային պայմանները` այժմ Մյուռոնն օրհնվում է աշնանը: 20-րդ դարում սրբազան այս արարողությունը կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց: Քանի որ այժմ շատերն են ցանկանում մասնակցել մյուռոնօրհնությանը, 2001 թ. սկսած այն տեղի է ունենում Ս. Տրդատի նորակառույց Բաց խորանում:

ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-10

Հնում մյուռոնօրհնեքը կատարվել է Ս. Պատարագի ընթացքում: Վերջին շրջանում այդ օրն առավոտյան Մայր Տաճարում Ս. Պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան տեղի է ունենում բուն արարողությունը: Նախքան արարողությունը, Վեհափառը և 12 արքեպիսկոպոսներ կամ եպիսկոպոսներ զգեստավորվում են պատարագչի ամբողջական հագուստներով: Հայոց Հայրապետը հոգևորականների դասի ուղեկցությամբ և ամպհովանու ներքո Վեհարանից կամ Մայր Տաճարից «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության և Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո ուղղվում է դեպի Բաց խորան:

Հայոց Հայրապետի աջ և ձախ կողմերում ընթանում են վեցական սրբազաններ` իրենց ձեռքերին ունենալով Մյուռոնի համար անհրաժեշտ սրբությունները` խաչափայտի մասունքով Կենաց Խաչը, Ս. Գեղարդը և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը: Բացի մյուռոնօրհնությանն անհրաժեշտ այս երեք սրբություններից, արարողությանը դուրս են բերվում նաև այլ սրբություններ: Սրբազանները տանում են նաև հին Մյուռոնը, բալասանը և Մյուռոնի նյութերի անոթը: Արդեն խորանի վրա Աստվածաշնչից ընթերցվում են ձիթենուն, օծության յուղին, նրա պատրաստությանը և շնորհատու գործառույթին նվիրված մի քանի հատվածներ: Առանձին աղոթքներ է ընթերցում նաև Վեհափառ Հայրապետը` խնդրելով, որ Ս. Հոգին իջնի յուղի մեջ և սրբացնի այն: Երբ Մայր Աթոռի լուսարարապետը բացում է կաթսայի կափարիչը, շարականի երգեցողության ժամանակ Հայոց Հայրապետը կաթսայի մեջ է լցնում ծաղիկներից պատրաստված խտանյութը, իսկ հետո նույն ձևով նաև բալասանը:

Այնուհետև նա հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, որից հետո երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը: Ապա Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով: Հայրապետական այս օրհնություններից հետո կաթսան կրկին ծածկում են նուրբ շղարշով: Արարողությունն ավարտվում է «Պահպանիչ» աղոթքով, երբ Վեհափառ Հայրապետն օրհնում է ժողովրդին, որը շտապում է վայրկյան առաջ համբուրել Մյուռոնի տաք կաթսան և օրհնություն ստանալ:

Ընդունված սովորության համաձայն` այդ օրն ուխտավորները նաև իրենց սրտաբուխ նվերներն են տալիս Ս. Էջմիածնին` ի պայծառություն Հայոց Եկեղեցու: Մյուռոնի կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրելու և օրհնություն ստանալու: