Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Քարփենթեր

ԵԱՀԿ-ում  ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը շնորհակալություն է հայտնել նախագահությանը՝ Հայաստանի նախաձեռնությամբ նախօրեին Արցախի վերաբերյալ հրավիրված մշտական խորհրդի հատուկ նիստ գումարելու համար և ողջունել է նախաձեռնությունը․

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակից։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 9-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սեպտեմբերի 10-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը և ընդգծելու երկխոսության, փոխզիջումների անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Պետքարտուղարը խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին։

Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումներ Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես նաև վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի հոսքերը։ Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կրկնում եմ՝ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է»,- այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանության տարածած  հաղորդագրության մեջ։

Ըստ Քարփենթերի՝ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, հումանիտար և մասնավոր երթևեկության համար՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի փետրվարի 22-ի վճռի։ Նա ընդգծել է իրավիճակի սրությունն ու հրատապությունը, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները․
«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Մենք Ադրբեջանի կառավարության բոլոր մակարդակներով բազմաթիվ առիթներով այս ուղերձը փոխանցել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով։ Հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ ընդունել մատակարարումները։ Սննդամթերքը, դեղորայքը, մանկական կերը և էներգիան պետք է հասանելի լինեն։

Ես խորապես մտահոգված եմ, որ եթե կողմերի կողմից անհապաղ քայլեր չձեռնարկվեն լուծում գտնելու համար, ապա Լեռնային Ղարաբաղի ներսում հումանիտար իրավիճակը կշարունակի վատթարանալ։

Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի լույսի ներքո Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության: Կայուն խաղաղության բանակցությունները պետք է հիմնված լինեն տեղում երկխոսության, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա, հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության վրա։ Սա այս հակամարտությունը լուծելու միակ ճանապարհն է։ Միացյալ Նահանգները կոչ է անում զսպված լինել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել վստահությունը, վտանգել երկխոսությունը կամ ավելի հետաձգել միջանցքի բացումը։

Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։ Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։

Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամորեն ներգրավվել բոլոր գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ ֆորմատներում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու խաղաղ կարգավորման»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում  ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։