Ես չեմ կարծում, որ մենք լուրջ խնդիր ունենք․ Ժաննա Անդրեասյանը՝ դասագրքերի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դասագրքերի խնդրին, նշելով, որ դրանց մի մասն արդեն դպրոցներում է։

«Դասարանների դասագրքերը ինչպես նախապես պլանավորված էր, եղել են դպրոցներում, իսկ այլ դասարաններում, քանի որ նոր չափորոշիչներ են և ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը և մոտեցումները, որոշակի ժամանակ պահանջեց այդ աշխատանքը, բայց դրանց մի մասն էլ դպրոցներում է»,- նշեց նախարարը:

Հարցին՝ արդյո՞ք ինքը մտահոգություն չունի, որ այդպիսով աշակերտները կարող են ծրագրից հետ ընկնել, Անդրեասյանն ասաց.

«Ես չեմ կարծում, որ մենք ունենք լուրջ խնդիր, որովհետև նախ դասագրքերը էլեկտրոնային հասանելի են, ուսուցիչները իրազեկված են, և դպրոցները տեղեկացված են կրթության կազմակերպման մասին: Գրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կհասնի այս ամսվա ընթացքում և կարծում եմ՝ որևէ լուրջ խնդիր չի առաջանալու»: