Ռուսաստանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում. Զախարովա

Ռուսաստանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի` Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսին ռուս լրագրողների մուտքն արգելելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Նման քաղաքականությունը, որը ներծծված է կեղծիքով, ամբարտավանությամբ և բացառիկության բարդույթով, ի վերջո այն կիրառողների դեմ դուրս կգա։ Կատարվածը դիտարկում ենք նաև որպես ռասիզմի և ագրեսիվ ազգայնականության աղաղակող դրսևորում, քանի որ միջադեպի հիմքում ընկած է ազգային հիմքով խտրականության ակտ: Ելիսեյան պալատից պահանջում ենք ներողություն խնդրել ԶԼՄ-ի ներկայացուցչից»,-գրել է Զախարովան իր «Թելեգրամ» ալիքում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի անտեսի այն փաստը, որ արևմտյան ժողովրդավարությունները հերթական անգամ ռասայական խտրականության և ժողովրդավարական սկզբունքների խախտումների օրինակ են ցուցադրում: Փարիզը, բացի այն, որ իր լրատվական տիրույթում «վհուկների որս» է սկսել և իր հանրային դաշտում ոչնչացրել է ռուս հեռարձակողներին, հիմա էլ բազմակարծության և ԶԼՄ-ների իրավունքների անտեսումն է արտահանում «հավաքական Արևմուտքի» սահմաններից դուրս»,-հավելել է Զախարովան:

Ներկայումս Ռուսաստանում հավատարմագրված են ֆրանսիական 11 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանք բոլորն ազատ մուտք ունեն Ռուսաստանի ԱԳՆ մամուլի միջոցառումներին։

«Ի դեպ, ոչ ոք չի խանգարել «Ֆրանս Պրես» գործակալության թղթակցին՝ օպերատորի հետ միասին, ներկա գտնվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի՝ «Քսանի խմբի» գագաթնաժողովի արդյունքների մասին այսօրվա մամուլի ասուլիսին »,-եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: