Հայաստանի վարչապետը Պրահայում փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է․ Սերգեյ Լավրով

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը իբր Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին kommersant.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ-որ գործիչ, կարծում եմ, խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա վկայակոչեց այն, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:

Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթում ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և երեք առաջնորդներն էլ այդ ժամանակ ելնում էին նրանից, որ այդ հարցի շուրջ դեռ պետք է բանակցություններ վարվեին։

«Առավել անազնիվ ու ոչ կոռեկտ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեն։

Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրեցին հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ, հարցը փակված է։ Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմում է։ Եվ կարիք չկա մեզ մեղադրելու, թե, իբր, դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին մենք «հանձնել ենք» Ղարաբաղը։ Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Ըստ Լավրովի, այդ կերպ Հայաստանի վարչապետը ստորագրել է փաստաթուղթ, համաձայն որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը Ադրբեջանի կազմում է։