Մեկնարկել են ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 17 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրամադրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին:

ԱԺ կազմը համալրած Մհեր Մելքոնյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ԱԺ նիստում երդվել է:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը:

ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: