ԱՄԷ-ի նախագահը ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող Արարատ Միրզոյանին

ԱՄԷ-ի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող Արարատ Միրզոյանին:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ են կատարել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին, մտքեր փոխանակել նոր հեռանկարային ուղղություններով համատեղ ծրագրերի կյանքի կոչման շուրջ:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ԱՄԷ միջև առկա զգալի ներուժն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում էմիրաթական ընկերությունների համար ստեղծված է անհրաժեշտ բարենպաստ գործարար միջավայր։

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նկրտումներով և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: