Եթե ԱՄՆ-ը բանակցի՝ իմանալով, որ նախագահ Ալիևը փորձում է հերքել ցեղասպանությունը, կարող է դրա մեղսակից համարվել․ Օկամպո

Չեք կարող իրական բանակցություններ վարել ցեղասպանողի և ցեղասպանվողի միջև, դրա համար նախ պետք է դադարի ցեղասպանությունը։ Չեք կարող ներգրավվել բանակցություններում, որտեղ նախագահ Ալիևը ցեղասպանությունը որպես բանակցությունների միջոց է օգտագործում։ Եթե գնաք դրան, իմանալով, որ նախագահ Ալիևն օգտագործում է ցեղասպանությունը և փորձում է հերքել այն, ԱՄՆ-ն օգնում է ցեղասպանության հերքմանը և կարող է մեղսակից համարվել։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի հարցով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Գնահատում եմ այն հրատապությունը, որ սերմանել եք այս գործընթացում, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայերը ձեր կարիքն ունեն իրականություն դարձնելու «այլևս երբեք»-ը, և նրանք ձեզ վրա հույս են դնում, քանի որ սա արդեն պատահել է նախկինում․ 1915 թվականին ցեղասպանություն է իրականացվել հայերի դեմ։

Իրավիճակը գնահատելու համար ինձ դիմել են հուլիսին, և ինձ համար պարզ դարձավ, որ ներկայումս ցեղասպանություն է տեղի ունենում։ Սովորաբար մարդիկ կարծում են, որ ցեղասպանությունը ենթադրում է շատ մարդկային մահեր, սպանություններ, գազային խցիկներ, սակայն դրա իրականացման տարբեր ձևեր կան։ Տարբերակներից մեկը զոհեր չի պահանջում, այլ այնպիսի պայմանների ստեղծում, որոնք մարդկանց տառապանքների են ենթարկում։ Այսպիսով, հանցանքն այս պայմանների ստեղծումն է։ Իսկ Լաչինի միջանցքի փակումը, որը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, հենց նման պայման է։

Ինձ համար հեշտ էր որոշման հանգել, քանի որ տեսա՝ Միջազգային քրեական դատարանն էլ է դա ասում։ Այսպիսով, կարիք չկար իրավիճակին տեղում ծանոթանալու, քանի որ Հաագայի դատարանի դատավորները քննել են այս խնդիրը, լսել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին և եզրակացրել, որ Լաչինի միջանցքի արգելափակումը սպառացող վտանգ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքերի համար, և նրանք այս քայլերը թիրախավորված են գնահատել։ Այսպիսով, ցեղասպանության առարկայական բաղադրիչը ակնհայտորեն առկա էր։

Ամենաբարդը մտադրությունները հիմնավորել էր․ կարո՞ղ ենք ասել, որ նախագահ Ալիևը կամ մեկ այլ անձ Ադրբեջանում ցեղասպանական մտադրություններ ունի։ Եվ ես որոշեցի հետևել ամենատարբեր մեջբերումների։ Հստակ է՝ փաստերը խոսում են իրենց փոխարեն, քանի որ 2022 թվականի դեկտեմբերին սկսվել է Լաչինի միջանցքի առաջին արգելափակումը, որը ենթադրում էր երկու տարածքների միջև պաշտոնական կապի բացակայություն։ 2023 թվականի հունվարին պետքարտուղար Բլինքենը զանգահարել էր նախագահ Ալիևին և խնդրել հանել արգելափակումը, ինչին նախագահ Ալիևը չի հետևել։ Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը միաձայն փաստել է նախագահ Ալիևին, որ այս քայլերը վտանգում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքը, և պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը։ Ալիևը չի կատարել այդ որոշումը, փոխարենը իրականացրել է անվտանգության ուժերի բլոկադա․ միջանցքն այժմ արգելափակված է ազգային անվտանգության ուժերի միջոցով։ Սա հստակ նշան է, որ նա գիտի՝ արգելափակումը կյանքի համար ռիսկեր է ստեղծում, և երբ շարունակում է դրա իրականացումն անվտանգության ուժերով,  բնականաբար մտադրված է շարունակել։ Այս մտադրությունը հաստատված է նաև նրանով, որ ամիսներ անց նա առհասարակ դադարեցրեց Լաչինի միջանցքով ամբողջ երթևեկությունը։ Այսպիսով, այս փուլում կասկած չունեմ ցեղասպանական մտադրությունների հարցում։

Հաջորդը դիտարկել եմ ԱՄՆ դիրքորոշումը, քանի որ այն, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի անդամ է, և այսպիսով պարտավորված է կանխագելել և պատժել։ Կարծում եմ՝ կարելի է պատժել, բայց ամենահրատապը այս 120,000 մարդկանց կործանումը կանխելն է, քանի որ չնայած արդեն իսկ ցեղասպանություն է իրականացվում և դա ակնհայտ է, սակայն կարող են իրականացվել ցեղասպանության այլ ձևեր՝ մարմնական կամ հոգեկան վնասվածքների պատճառմամբ։ Այսպիսով առկա է իրականացվող ցեղասպանություն և մեկ այլ ցեղասպանություն սպասվում է։ Ստացվում է՝ ԱՄՆ-ն պետք է կանգնեցնի առաջինը և կանխի երկրորդը։

Այս հանդիպումը հատկապես կարևոր է այն առումով, որ կանխարգելման առաջին քայլը մերժման բացառումն է։ Արդարադատության միջազգային դատարանը, խոսելով կանխարգելման պարտականությունների մասին, նշում է, որ կողմերը պետք է գործեն ցեղասպանության առաջին ազդակները ստանալուն պես։ Պետքարտուղար Բլինքենը չէր սխալվել առաջին նշանները ճանաչելուց, բայց ցեղասպանական մտադրությունների հիմքերի ամրացմանը զուգահեռ քայլերը պետք է կոշտանան։

Այս պատճառով հանձնաժողովին իմ հիմնական առաջարկն է գործադիր մարմնին տեղեկություններ փոխանցել՝ ասելով, սա հիմա է կատարվում, պետք է իմանաք այս մասին, քանի որ սա չափազանց կարևոր է ձեզ համար։ Ինչո՞ւ։ Որովհետև կոնկրետ այս դեպքում ԱՄՆ-ն խորապես ներգրավված է բանակցություններում։ Սակայն չեք կարող իրական բանակցություններ վարել ցեղասպանողի և ցեղասպանվողի միջև․ դրա համար նախ պետք է դադարի ցեղասպանությունը։ Չեք կարող ներգրավվել բանակցություններում, որտեղ նախագահ Ալիևը ցեղասպանությունը որպես բանակցությունների միջոց է օգտագործում։ Եթե գնաք դրան, իմանալով, որ նախագահ Ալիևն օգտագործում է ցեղասպանությունը և փորձում է հերքել այն, ապա ԱՄՆ-ն օգնում է ցեղասպանության հերքմանը և կարող է մեղսակից համարվել։

Այսպիսով, խնդիրը միայն նախագահ Ալիևի արարքները չեն, պետք է նաև հասկանալ, թե ինչ է արվում այստեղ՝ Վաշինգոտնում և այս առումով՝ կարծում եմ՝ ձեր դերակատարությունը մեծ է մերժման դադարեցման, ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղում ապրող 120,000 բնակչության կյանքերը փրկելու առումով»,- ասել է Օկամպոն։