Պարոն Ավինյան, ցանկանում ենք ոչ թե ասել, որ անեք, այլ խնդրենք, ու Դուք չմերժեք

Երևանի փոխքաղաքապետ պ. Տ. Ավինյանին

Երևանի հ. 60 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ծնողական կազմից

Բաց նամակ

Հարգարժան պարոն Ավինյան, հաշվի առնելով Ձեր իսկ որդեգրած կարգախոսը, ցանկանում ենք ոչ թե ասել, որ անեք, այլ խնդրենք ու Դուք չմերժեք։

Բանն այն է, որ թիվ 60 մանկապարտեզի տնօրեն տիկին Լ. Բաղդասարյանը, իր ղեկավարության ողջ ժամանակահատվածում եղել է բացառիկ ու վառ օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իր գործի իսկական նվիրյալը։ Նրա տնօրինած մանկապարտեզը այն փոքրիկ դրախտն է եղել, որտեղ գործել է «մեկը բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը, որտեղ ծնողը անհոգ ու ուրախ սրտով վստահել է իր բալիկին, որտեղ երեխան եղել է ապահով ու երջանիկ։

Տիկին Բաղդասարյանի մարդկային և քաղաքացիական առաքինությունները այնքան շատ են, որ դրանք կարելի է երկար թվարկել։

Եվ կարծում ենք ակնհայտ է մեր խնդրանքը։ Խնդրում ենք, որ ո՛չ քաղաքական, ո՛չ անձնական թեմաներն ու խնդիրները չդառնան խոչընդոտ, և, գնահատելով բազմիցս քաղաքի լավագույն մանկապարտեզ և լավագույն տնօրեն հռչակված լինելու փաստը, հետայսու ևս տնօրինի տիկին Լ. Բաղդասարյանը, ում դերը պարտեզի կայացման, կազմակերպվածության, զարգացման մեջ անհերքելի է, և որտեղ յուրաքանչյուր ծնող սիրով տանում է իր երեխային և որտեղ հրաշալի պայմաններում ձևավորվում է մեր վաղվա քաղաքացին։

Հավելենք նաև, որ մեր խնդրանքի իրականացումը բխում է միայն և միայն մեր երեխաների շահերից, կարծում ենք այս փաստը Ձեզ անտարբեր չի թողնի մեր խնդրանքի հանդեպ։

Հարգանքներով հ.60 մանկապարտեզի ծնողական կազմ

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Աննա Ավանյանի ֆեյսբուքյան էջից