Փաշինյանականները հետևողականորեն Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված գնում են Հայոց Ցեղասպանությունը ժխտելու ուղղությամբ․ ծրագրի իրականացման հաջորդ փուլն է սկսվել

Այս օրերին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր տանող ճեմուղու 272 մետր երկարությամբ հատվածը, որով ամեն տարի ապրիլի 24-ին տասնյակ հազարավոր հայեր ու օտարերկրացիներ քայլելով բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, վերացվում է ու երկկողմանի երթևեկելի փողոցի վերածվում։ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած շինարարական կազմակերպությունը մեծ եռանդով քանդում է սալիկապատ ճեմուղին, որպեսզի այդ ամբողջ ճանապարհն ասֆալտապատի։ Քաղաքապետարանի պարզաբանումը հետևյալն է․ «Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք»։ Քաղաքապետարանը հավելել է, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում։

Հետաքրքիր է՝ նորանկախ Հայաստանում մինչև այս պահը նման ճանապարհի առկայության անհրաժեշտություն չէր առաջացել՝ հաշվի առնելով, որ դեպի Մարզահամերգային համալիր, ինչպես նաև դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհներ արդեն գոյություն ունեն, և լրացուցիչ ճանապարհի կամ ճանապարհների անհրաժեշտության պնդումը հիմնավոր չի հնչում։ Թերևս դա է պատճառը, որ շատերը հիմնավոր կասկածներ ունեն՝ սա ՀՀ իշխանությունների, այս դեպքում՝ քաղաքային իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության նենգափոխման, հերքման հարցում Թուրքիայի հետ դավադիր համաձայնության գալու հերթական քայլն է։ Այն, որ 2018 թվականին խաբեությամբ ՀՀ իշխանությունը զավթած փողոցայինները մեր հանրությանը օրերից մի օր կանգնեցնելու են Ցեղասպանության եղելությունը հերքելու փաստի առաջ, պարզ դարձավ այն ժամանակ, երբ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ հաստատված «Հիշում եմ և պահանջում եմ» կարգախոսից փորձեցին հանել «պահանջում եմ» բաղադրիչը։ Այդ նույն տարում սրանք Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու արարողությունը վերածեցին ուրախ շոուի՝ փողոցից գտած ինչ-որ պապիկի դերակատարմամբ բեմադրություն կազմակերպեցին և դրանով նվաստացրին ապրիլի 24-ը՝ օրվա խորհրդանիշը դարձնելով աղքատ պապիկին։ Իսկ հիմա էլ Ծիծեռնակաբերդ այցելողներին զրկում են ճեմուղով անմար կրակին հասնելու հնարավորությունից։

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական հովանավորությամբ իշխանության եկած այս խմբակի համար Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը որևէ խորհուրդ չունի և զարմանալի չէ նրանց կենցաղային վերաբերմունքը ճեմուղու նկատմամբ։ ՔՊ-ի առաքելություններից մեկն էլ Թուրքիայի հետ սահմանների բացումն ի վերջո կյանքի կոչելն է՝ այդ պետության հետ Հայաստանի հարաբերությունները բարիդրացիական մակարդակի հասցնելով։ Իսկ հայ-թուրքական արձանագրությունները մեզ հուշում են, որ Թուրքիան երբևէ չի սեղմի Հայաստանի ձեռքը, եթե ՀՀ-ն չկատարի Թուրքիայի նախապայմանները՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը։ Թուրքիայի առաջին պահանջը Փաշինյանն արդեն կատարել է, ինչո՞ւ պետք է հրաժարվի երկրորդի իրականացումից։ Իսկ որպեսզի հայ ժողովրդի համար հնարավորինս փափուկ իրականացվի այդ գործընթացը, այսպիսի քայլերով է այն արվում՝ նաև մարդկանց տրամադրությունները շոշափելով։ Հիշենք, թե կարգախոսն աղավաղելու ժամանակ հանրային դժգոհության ինչպիսի մեծ ալիք բարձրացավ, ինչի արդյունքում ստիպված եղան «պահանջում եմ» բառը հետ ողորմյա անել։ Արտուշ պապի պատմությունը կարծես թե ավելի դյուրությամբ մարսվեց։ Իսկ հիմա ճեմուղու վերացումը միայն մի քանի ակտիվիստների դիմադրությանը հանդիպեց, բայց քաղաքապետարանը ոստիկանների ձեռամբ ճնշեց այդ դիմադրությունը։ Ակտիվիստները բերման ենթարկվեցին ոստիկանություն, իսկ բուլդոզերը շարունակեց հիմնովին քանդել ճեմուղին։ Մի քանի օրից այդ տարածքում արդեն երկկողմանի փողոց կգործի, և մեքենաներն անարգել կկարողանան խաթարել մեր ցեղասպանված նախնիների անդորրը։ Հետո էլ երևի այդ հատվածում կսկսեն աղմկոտ ռեստորաններ ու սրճարաններ գործել, ու մի օր էլ հուշահամալիրի առկայությունը ավելորդ կհամարվի։

Ի դեպ, կարո՞ղ եք ցույց տալ այսօրվա մի պաշտոնյայի, որը գոնե ապրիլի 24-ի օրվա խորհուրդը հարգելով՝ Ցեղասպանության խորհրդանիշ համարվող երեքնուկի նշանն այդ օրը փակցնի հագուստին։ Իսկ ամեն անպատեհ առիթով իրենց կողմից հիշատակվող նախկին իշխանությունների ղեկավարը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր կարևոր հանդիպումների ու առիթների ժամանակ կրել և հիմա էլ կրում է Ցեղասպանության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած անմոռուկը:

Իսկ Սերժ Սարգսյանն այսօր էլ, որպես ՀՀԿ կուսակցության ղեկավար, ապրիլի 24-ին աշխարհին ուղերձ է հղում՝ դատապարտելով երիտթուրքների իրականացրած ոճրագործությունը և աշխարհին հոդորելով դա ճանաչելով՝ կանխել մարդկության դեմ հետագա նման ոճիրները։

«Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել: Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին։ Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը: Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս։ Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է: Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին։ Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում  հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները  այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ: Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է:

Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին։ Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության:

Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին։ 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության  աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ:

Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»։ Սա 2022 թվականի ապրիլի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն է, ինչից երևում է, որ նա ինչպես իր կառավարման տարիներին, այնպես էլ այսօր հետևողականորեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը համարում է Հայաստանի Հանրապետության համար առանցքային գործոն, որը կարող է միջազգային հարթակներում բարձրացնել մեր պետության դերը որպես ցեղասպանությունների կանխարգելման առաքելություն ստանձնած սուբյեկտի։ Մյուս կողմից էլ ի վերջո Թուրքիան կճանաչվի որպես ցեղասպանություն իրականացրած պետություն և մեկընդմիշտ կկրի այդ խարանը՝ իր բոլոր հետևանքներով։

2023 թվականին Սերժ Սարգսյանը նորից հիշատակելով 1915 թվականի եղեռնագործությունը՝ ընդգծել է, որ այսօր էլ Թուրքիան չի հրաժարվել իր գործելաոճից, ինչը անպատժելիության, նրա նկատմամբ ներողամտության հետևանք է, և քանի դեռ ուշանում է հատուցումը Թուրքիայի ու նրա եղբայր Ադրբեջանի կողմից նորանոր ցեղասպանություններ են կազմակերպվելու՝ անկաշկանդ։ Իսկ մենք այդպես էլ դասեր չենք քաղում մեր պատմությունից և հերթական անգամ հայտնվել ենք զոհի կարգավիճակում։

«Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքական ազգայնական կառավարությունը փորձում է հարևան ժողովուրդների և պետությունների հաշվին իրագործել իր նախնիների վաղեմի երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը, որը տարփողում է անգամ պետական մակարդակով: Խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի տակ, հաճախ նաև անթաքույց, շարունակում է նախնիների կիսատ թողած գործը: Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության, մեր անխոհեմության ու անտարբերության, իրավիճակի հետ համակերպվելու, համախմբված պայքարից հրաժարվելու, պայքարողներին չաջակցելու, պառակտվածության, մեր բոլոր ռեսուրսները՝ մտավոր, ֆիզիկական  և այլ, չմիավորելու հետևանքով: Կարո՞ղ էր արդյոք այն կանխվել: Կարող էր:

Նույն պատճառով այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր Հայրենիքի վերջին կտորը: Բայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին, որը եթե հլու-հնազանդ դնենք դահճի առջև, նա չի հապաղի անել իր սև գործը:

Իրավունքի ուժը ըստ պատեհության և հարմարության է գործում անգամ 21-րդ դար մտած աշխարհում. աշխարհաքաղաքական շահերի պայքարում, ցավոք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի: Բոլորիս աչքի առաջ միջազգային իրավունքն ընկրկում է հաճախ անողջամիտ ու ցինիկաբար իր գերակայությունը ցուցադրող ուժի իրավունքի առաջ: Մենք պիտի գիտակցենք, որ աշխարհում, այլ ժողովուրդների կողքին հավասարապես, Աստծու տված մեր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը մերն է: Եթե անգամ մեր ուժն այսօր դեռևս բավարար չէ՝ այն տմարդիաբար մսխողների պատճառով, միևնույն է, չպիտի զիջենք մեր իրավունքը և պիտի ձգտենք հզորանալ:

ՀԻՇԵ՛Լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, ՊԱՀԱՆՋԵ՛Լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, պայքարե՛լ սեփական իրավունքների համար, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային: Սա՛ է ապրելու մեր բանաձևը: Եվ սա՛ պիտի դառնա մեր հավատամքը»։

Ի դեպ, Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Այսինքն, Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր պետության առաջնահերթություններից է և արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Երբևէ որևէ մեկի մտքով չի անցել, որ կգա մի օր, ու Հայաստանի Հանրապետությունում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի անհրաժեշտություն կունենանք, որպեսզի ՀՀ իշխանություններ հանկարծ չհամարձակվեն գործարքի գնալ մարդասպան Թուրքիայի հետ և մոռացության մատնել 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը հայության և ընդհանրապես մարդկության դեմ։ Ողբերգություն է, որ այս պահին ընդդիմադիր ուժերը պարտադրված նման գործընթաց են սկսել, որպեսզի հանկարծ Փաշինյանն ու իր թուրքահպատակ թիմը մի օր էլ բարձր ամբիոնից չկապկեն Ալիևի խոսքերը, թե որևէ Հայոց Ցեղասպանություն չի եղել։ Եվ թերևս պատահական չէր, որ վերջերս թուրքական գործակալի պարտավորություններ կատարող Փաշինյանը թիրախավորեց նաև Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով, թե «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ: Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով:

Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, եթե ոչ հստակ ակնարկ, որ այս իշխանությունները հաջորդիվ լծվելու են հռչակագրի նենգափոխմանն ու այն իրենց կեղծ խաղաղության օրակարգին հարմարացնելուն, որի հիմքում ընկած է անվերապահ հնազանդությունը Թուրքիայի և Ադրբեջանի կամքին։

Այնինչ Սերժ Սարգսյանը երբ ընդառաջ գնաց ֆուտբոլային դիվանագիտության առաջարկին, հստակ գիտեր, որ Թուրքիայի ոչ մի նախապայման, որը հակասում է Հայաստանի շահերին, չի ընդունելու, և հայ-թուրքական արձանագրությունների հիմքում որևէ նախապայման չպետք է դրվի։ Իսկ այդ նախապայմանների առաջադրումը Թուրքիայից չուշացավ, ինչի արդյունքում ի վերջո Հայաստանի ղեկավարն արձանագրություններն ուղարկեց աղբաման։

Թագուհի Ասլանյան