Ադրբեջանը, ըստ էության, բացում է խաղաքարտերը

Ադրբեջանը, ըստ էության, բացում է խաղաքարտերը: Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ վերջին շրջանում հայկական կողմի կեղտոտ պրոպագանդան խաթարել և փաստացի վիժեցրել է Վաշինգտոնի առաջարկությունների հիմքով բանակցային գործընթացը, որտեղ էական առաջընթաց էր արձանագրվել: Հայտարարությունների մակարդակով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վարչապետ Փաշինյանը շարունակում է ֆինանսավորել Ադրբեջանի սուվերեն տարածքում անօրինական պետական կազմավորումը և հայկական զինվորական ստորաբաժանումները: Սոցմեդիա տիրույթում բազմաթիվ են տեղեկությունները մոբիլիզացիոն զորահավաքի ընթացքի մասին, որի նշանաբանն է՝ Խանքենդին Ադրբեջան է: Քննարկումների առանցքում սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում Սամվել Բաբայանի կողմնակիցների նախանշված հավաքն է, Արցախի նախագահի առաջիկա ընտրությունը, Երևանում տեղի ունեցող ընտրական-քաղաքական գործընթացները: Բաքվի քարոզչամեքենան անթաքույց և հրապարակային հայտարարում է, որ ռևանշիստների, դաշնակցական կամ նրանց հետ փոխկապակցված ուժերի վերադարձը և Փաշինյանի տապալումը ընկալում է որպես վերջին պատերազմում Ադրբեջանի նվաճումները փոշիացնելու և խաղաղության բանակցությունները վերջնականապես տապալելու փորձ: Զուգահեռաբար տեղեկատվություն է տարածվում սահմանին հայկական կողմի հաճախացած սադրանքների, ադրբեջանական զորքերի տեղաշարժի տեսահսկման, ռազմական նոր հենակետերի կառուցման փորձերի մասին, որոնք իբր վկայում են հայկական կողմի ռազմական նոր ավանտյուրայի և ադրբեջանական բանակի ու հայկական զինված ուժերի տեղակայման վայրերում կրակային խոցելության հասանելիություն ունեցող տարածքներում քաղաքացիական բնակչության նկատմամբ անվտանգային սպառնալիքների աճի մասին:

Եթե ընդհանրացնենք, ապա Ադրբեջանը ակնհայտորեն ձեռնամուխ է եղել որոշակի իրավիճակում ռազմական գործողությունների տեղեկատվական ուղեկցման տեղեկատվական-հոգեբանական օպերացիայի իրականացմանը: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որ մեր տեղեկատվական տիրույթում ադրբեջանական քարոզչական մուղամի ձայնը խլացվի: Զգոնություն բոլորիս:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից