Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել երկու երկրների սերտ համագործակցության երաշխիք։ Սակայն վարչապետի թեզերի հետ հնարավոր չէ համաձայնել: Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։
Ըստ Պեսկովի՝ ՌԴ-ն շարունակում է հետևողական, կարևոր դեր խաղաղ իրավիճակի կայունացման գործում:
«Մենք կշարունակենք դերակատարում ունենալ: Այս համատեքստում, իհարկե, կարևոր է եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Հաջողության գրավականը հենց այդ պայմանավորվածությունների դրույթներով շարժվելն է: Իհարկե, դրանից հետո տեղի են ունեցել նոր իրադարձություններ, որոնք որոշակիորեն փոխել են իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ը պատրաստվում է ինչ-որ կերպ հետ կանգնել իր գործողություններից: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ ՌԴ-ը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի դերը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica-ին, որում, մասնավորապես, հայտարարել էր, թե Ռուսաստանը իբր դուրս է գալիս հենց Լեռնային Ղարաբաղից։

Նախօրեին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ՌԴ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Փաշինյանի` իտալական La Repubblica պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարություններն իրենց տոնով անընդունելի են, Մոսկվայում դրանցից չափազանց դժգոհ են։