Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս. Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ,

Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության  նվիրյալներ

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում  նորից հնչում  են առաջին զանգի ղողանջները:

3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում ենք բազում մարտահրավերներով:

Հանուն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, սովորելու իրավունքի՝   պայքարի առաջին դիրքերում եք դուք:

Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու  իրավունքի համար:

Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:

Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է ՝ որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի:

Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասության պատգամը՝ «…Ի միտ առնուլ  զարդարութիւն ճշմարիտ, ուղղել  զիրաւունս»: