Բաքվում «պարզաբանել են» արցախցի ուսանողների ապօրինի ձերբակալությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները «պարզաբանել են» Լեռնային Ղարաբաղից ուսանողների ապօրինի ձերբակալությունը։

Նրանք մեղադրվում են 2021 թվականին «ադրբեջանական դրոշն անարգելու մեջ»։

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հետաքննություն է սկսվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 283.2.3 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հարուցումը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 324 (Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի կամ Ադրբեջանի պետական զինանշանի նկատմամբ վիրավորական գործողություններ) հոդվածներով քրեական գործ հարուցելու փաստի առթիվ»,-հաղորդում է Trend-ը։

Ընդ որում, նշվում է, որ «Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել մարդիկ, ովքեր անարգում են Ադրբեջանի դրոշը և սնուցում են ադրբեջանցիների հանդեպ ատելության և թշնամանքի ոգին, նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»։