ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին․ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ «դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում»:

«Ա. Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները: Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: