Լեհաստանը մտադիր է 10 հազար զինծառայող տեղակայել Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանի զինված ուժերը մտադիր են 10 հազար զինծառայող տեղակայել լեհ-բելառուսական սահմանին։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, Լեհական ռադիոյին տված հարցազրույցում ասել է երկրի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Ըստ նրա, 4000-ն ուղղակիորեն աջակցելու է սահմանային պահպանությանը, իսկ 6000-ը կլինի տարածաշրջանում։ Նա ընդգծել է, որ լեհական բանակը ակտիվորեն զարգանում է և զինված է ժամանակակից տեխնիկայով։ «Երկու տարվա ընթացքում մենք կունենանք Եվրոպայում ամենաուժեղ բանակը»,- ​​ասել է նա՝ ընդգծելով, որ Լեհաստանի զինված ուժերի թիվն արդեն 170 հազար զինծառայող է։

Նշենք, որ Լեհաստանը որոշել է ավելի ուժեղացնել իր ռազմական ներկայությունը լեհ-բելառուսական սահմանին այն բանից հետո, երբ Բելառուսի տարածքում հայտնվեց «Վագներ» ՄՌԿ-ն, ինչպես նաև բելառուսական երկու ռազմական ուղղաթիռների կողմից լեհական օդային սահմանի ենթադրյալ խախտման միջադեպից հետո:

Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու հիմնական պատճառը Լեհաստանի իշխանությունները անվանում են միգրացիոն ճգնաժամի նոր փուլը, որը շարունակվում է 2021 թվականի աշնանից։ Ըստ սահմանային պահպանության ներկայացուցիչների, իրենք կրկին արձանագրում են անօրինական միգրանտների թվի աճ, որոնք փորձում են մտնել Լեհաստանի տարածք, ինչպես նաև նշում են նրանց ագրեսիվ գործողությունները, որոնք քարեր, շշեր և փայտեր են նետում սահմանապահների վրա։

Լեհաստանի իշխանությունների կարծիքով՝ լեհ-բելառուսական սահմանին ճգնաժամը հրահրվում է Բելառուսի և Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում իրավիճակը ապակայունացնելու նպատակով։ Մոսկվան և Մինսկը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։