Քաղաքական ժուլիկները․ Նիկոլը գուժում է Հայաստանի պետականության ավարտը, Արայիկը` արցախահայության հայրենազրկումը

Փաշինյան-Ալիև-Հարությունյան եռյակն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակն Արցախում դառնա օրհասական:

Փաշինյանը, արևմտյան հարթակներում կայացած բանակցություններում, մասնավորաբար, Պրահայում (2022, հոկտեմբերի 6) տվեց իր համաձայնությունը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Արցախի ամբողջական հանձնմանը մեկ բան է միայն խանգարում՝ արցախահայության հայրենասիրությունը, իր հայրենիքում ապրելու կամքն ու վճռականությունը, հանուն Արցախի մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը:

Արցախի հանձնումը վերջնականապես գլուխ բերելու համար այսօր բոլոր կողմերից թիրախավորված է արցախցին, ամեն ինչ արվում է՝ նրա կամքը, հաստատակամությունը կոտրելու համար: 90-ականներին` պատերազմի ծանր տարիներին, երբ Արցախը դարձյալ շրջափակման մեջ էր, ճանապարհները փակ էին, սակայն դա չխանգարեց, որ արցախցին պայքարեր ու հաղթեր: Մինչդեռ այսօր փորձ է արվում խեղդել արցախցու պայքարը։ Ցավալին այն է, որ արցախցուն Արցախից հեռացնելու՝ հայրենազրկման ծրագրի իրականացմանը լծվել են հենց Արցախի իշխանությունները` նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, և Արցախում բուն դրած արևմտյան գրանտներից սնվող մի քանի հայտնի սորոսականներ:

Այն, որ Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի Նիկոլի հետ միասին, իրականացնում է Արցախի հայաթափման ծրագիրը, փաստում է նրա կողմից վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Հարց ուղղենք Արայիկ Հարությունյանին․ երբ դեռ ճանապարհները բաց էին, ինչո՞ւ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո չլուծեց պարենային անվտանգության խնդիրը: Ինչի մասին, ի դեպ, նրան բազմիցս է ասվել: Պարենային անվտանգության հարցերը լուծելու փոխարեն՝ նա Արցախը աղետի գոտի հայտարարեց: Եթե այսօր Արցախում կա հացի խնդիր, ապա գոնե հնարավոր էր այնպես կազմակերպել աշխատանքը, որ չլիներ, օրինակ, բանջարեղենի պակաս: Եվ դա հնարավոր էր անել, եթե ցանկանար Հարությունյան Արայիկը: Բանն այն է, որ Արցախում ոչ միայն գյուղաբնակները, այլև քաղաքաբնակներն են զբաղվում բոստանաբանջարանոցային կուլտուրաների մշակմամբ: Արցախի դաշտերում այսօր առատ բերք կա, մինչդեռ հասունացած բերքը վառելիքի պակասի պատճառով քաղաք չի հասնում: Ի՞նչ է ստացվում`դաշտերում կա սնունդ, բայց չկա վառելիք` սովի մեջ գտնվող ժողովրդին հասցնելու համար: Արդյո՞ք սա կանխամտածված չի արվում․ նախ, սովի մատնել ժողովրդին, ապա ստիպել կատարել թշնամու հրեշավոր ծրագիրը՝ կա՛մ լքել Արցախը, կա՛մ ցեղասպանվել:

Ի դեպ պարզվեց, որ Արցախում կա վառելիք, բայց դա ոչ թե բերքը Ստեփանակերտ տեղափոխելու ու սովահար ժողովրդին հասցնելու համար է, այլ ռուս խաղաղապահների դեմ ցույց անող սորոսականներին Հակարիի կամուջի մոտ հասցնելու։ Այսինքն` Արայիկ Հարությունյանը եղած բենզինը բոլորովին այլ նպատակների համար է օգտագործում․ տվյալ դեպքում ապահովում է սորոսական շրջանակների ցանկությունը։ Եվս մեկ փաստ, որ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ միասին Ալիևի սցենարն իրականացնողներից է:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` «ԱՐՑԱԽԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆ ՏԱԿ

Արցախցուն սովի մատնելու ճանապարհով՝ թշնամու ծրագրի իրականացմանն է ուղղված նաև ՀՀ կառավարության, իբր, Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու թատերական ներկայացումը։ Եթե Փաշինյանն իրապես նպատակ ուներ բեռները Արցախ հասցնելու, ինչու նախապես չէր դիմել ռուս խաղաղապահների հրամանատարությանը, որպեսզի վերջինս բանակցի ադրբեջանական կողմի հետ: Եվ երբ Բաքուն կտար դրական պատասխան` խաղաղապահներն այն կփոխանցեին ՀՀ կառավարությանը, ու միայն դրանից հետո հումանիտար բեռներով անտոշարասյունը կշարժվեր դեպի Արցախ: Սակայն ՀՀ կառավարությունը չգնաց այս ճանապարհով ու արեց բոլորովին հակառակը։ Բեռները՝ 19 ավտոմեքենաներով հասցրին Հակարիի կամրջի մոտ` առանց նախապես ռուսական կողմի հետ պայմանավորվածության ձեռք բերման: Հիշեցնեմ, ՀՀ ԱԳՆ փոխնախարարն ասել է՝ «ռուս խաղաղապահներին իրազեկել ենք»: Ուշադրություն դարձրեք` եղել է ընդամենը իրազեկում, և ոչ թե պայմանավորվածություն: Ընդ որում, իրազեկումն էլ եղել է այն ժամանակ, երբ բեռներն արդեն շարժվել են դեպի Հակարիի կամուրջ` փաստի առաջ կանգնեցնելով ռուսական կողմին:

Հարց է առաջանում` ինչո՞ւ հումանիտար բեռները ուղևորվեցին Հակարիի կամուրջ` առանց ռուսների հետ նախնական պայմանավորվածության, առանց Ադրբեջանի դրական պատասխանը ստանալու։

Սա քաղաքական ժուլիկություն չէ՞, ինչը բնորոշ է վարչապետի պաշտոնը զբաղեցնողին: Տարօրինակ չէ՞ նաև այն, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն այդ օրերին գտնվում էր Մոսկվայում ու մասնակցում Լավրով-Բայրամով եռակողմ բանակցություններին, ոչ մի խոսք չէր ասել դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխելու Երևանի մտադրության մասին: Մինչդեռ սա այն հարցն է, որը նախնական բանակցային լուրջ, գուցեև երկարատև աշխատանք էր պահանջում: Ու ինչպես նիկոլն էր Բրյուսելում բերանը ջուր առել, լռել Ալիևի` Աղդամով բեռներ հասցնելու առաջարկի հարցում, նույն կերպ մոսկովյան բանակցությունների ժամանակ Միրզոյան Արարատն է համրացել` ոչինչ չասելով հումանիտար բեռների տեղափոխման մասին:

Կնշանակի` Փաշինյանի ու իր կառավարության նպատակը ոչ թե Արցախի մեր հայրենակիցներին օգնության հասնելն է, այլ արցախահայության հաշվին՝ շոու բեմադրելով, հեղինակազրկել, վարկաբեկել ռուս խաղաղապահներին, ապա հայտարարել՝ չեն կարողանում կամ չեն ուզում բեռները հասցնել Արցախ, ուրեմն թող հեռանան։ Իսկ սա այն է, ինչ ուզում է Ալիև-Էրդողան զույգը։

Մյուս կողմից ամեն ինչ արվում է Արցախին փաստի առաջ կանգնեցնելու համար, թե ելք չկա, պիտի համակերպվեք ու ընդունեք Ալիևի առաջարակները։

ՆԻԿՈԼԸ ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

«…Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան»,- օգոստոսի 5-ին Գյումրու հրապարակից այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է սա՝ ահազա՞նգ: Հիշեցի պատերազմի օրերին Փաշինյանի հայտնի հայտարարությունը Ազգային ժողովից, թե՝ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»։ Ու մեզ տարավ պարտության։ Հիմա էլ, ինչպես նկատել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը․ «Տրվել է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու նոր փուլի մեկնարկը․․ Նիկոլն ըստ էության ազդարարեց, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է:»: Ի դեպ, ամիսներ առաջ, Գերմանիայի կանցլերի Շոլցի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անկեղծացել էր, թե մենք չենք կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նման հայտարարություն երբեք չեք լսի նորմալ երկրի ղեկավարից։ Նախկին նախագահներից որևէ մեկը երբեք, մանավանդ՝ դրսից, նման հայտարարություն չի արել։ Ու եթե երկրի վարչապետը հանդես է գալիս այսպիսի հայտարարությամբ` կնշանակի նա այլևս անկարող է երկիր ղեկավարել: Նա պետք է հեռանա:

ԵԼՔԸ` ԲԱՆԱԿՑՈՂԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ է ասել․ «Չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում սկսել այլ կերպ մտածել: Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել»: Ապա հավելել․ «Պետք է փոխվի բանակցողը: Չի՛ կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ:.. Իսկ միջնորդներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն մի մարդու, որ մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ է թռչում, մեկ՝ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ Պրահա, մեկ՝ Մոսկվա: Դա փոխլրացման քաղաքականություն չէ, դա և՛-և՛-ի քաղաքականություն չէ, դա ճնշման տակ՝ կախված ճնշման ազդեցությունից, կարծիքի փոփոխություն է: Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին՝ բանակցողը պետք է փոխվի»։

Օրերս էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից հերթական հոդվածն էր գրել, այն վերնագրելով՝ «Ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք»։ Հոդվածում նա ընդգծում է, որ աշխարհ վերադառնալու բոլոր ճանապարհները տանում են դեպի վարչապետական աթոռ. «Եվ եթե մեզ իրոք դուր չի գալիս, որ աշխարհն անցնում է մեր վրայով, ապա մենք պարտավոր ենք անցնել Նիկոլ Փաշինյանի վրայով»: Այո, իրավիճակից ելքը Փաշինյանի հեռացումն է:

Կարինե Գրիգորյան