Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2023 թ. ռեկորդային աճ է գրանցել. ՌԴ ԱԳՆ

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից և կարևոր գործընկերներից մեկը Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի և Երևանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալի երկխոսությունն է, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների ինտենսիվ շփումները, կապերը խորհրդարանների միջև։

«Եվ չնայած գլոբալ տատանումներին, երկրների առևտրատնտեսական ոլորտում գրանցվել է բավական դրական պատկեր՝ կոոպերացումը վստահաբար զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում»,- ընդգծել է դիվանագետը։

Անցած տարի փոխադարձ ապրանքաշրջանառությունը ռեկորդներ է սահմանել՝ հասնելով 5 մլրդ դոլար նշաձողին՝ ավելացրել է նա՝ ընդգծելով, որ դրական դինամիկա է նկատվել նաև այս տարի։ Հունվար-մայիսին առևտուրն ավելացել է 86 տոկոսով 2022թ. նույն ժամանակամիջոցի համեմատ՝ կազմելով 2,3 մլրդ դոլար։ Ընդ որում, ռեկորդային՝ 3,3 անգամ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, ինչը թույլ է տալիս խոսել ռուսական շուկայի առաջնահերթության մասին հայ արտադրողների համար։

Գոնչարն ավելացրել է, որ սպասվում է ապրանքաշրջանառության աճ, քանի որ հունիսի կեսին ընդլայնվել է «Վերին Լարս» անցակետի թողունակությունը։ Բացի այդ, հուլիսի վերջին գործարկվել են կանոնավոր ծովային բեռնարկղային փոխադրումներ Բաթումի և Նովոռոսիյսկի միջև՝ մոտ 12 հազար տոննա տարողությամբ լաստանավերով։ Դիվանագետը նշել է, որ Հայաստանի տնտեսությունում բոլոր օտարերկրյա կապիտալ ներդրումների մոտ կեսը ռուսական է, իսկ խոշոր հարկատուներն առաջին կիսամյակում դարձել են ռուսական մասնակցությամբ տնտեսական օպերատորները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Գազպրոմ Արմենիան»։