Ինչ պետք է անել այստեղ տարածաշրջանային մեծ պատերազմից խուսափելու համար, և ում ձեռքում է խնդրի լուծման բանալին…  5

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բացելուն նպատակաուղղված ՌԴ ղեկավարության բոլոր հայտարարություններն առ այսօր, ցավոք, ձայն բարբառո անապատի են

 

Սկիզբը՝ այստեղ 

Լավ, իսկ ի՞նչ անել, թողնել, որ Արցախի բնակչությունն առաջիկա ձմռանը սովահար լինի, ցեղասպանվի՞… Դիտողի դերո՞ւմ լինել, ոչինչ չանե՞լ, ընդ որում, շատ լավ հասկանալով, որ Արցախի կորուստը ոչ հեռավոր ապագայում Սյունիքի կորուստն է, հետո էլ՝ Հայաստանի… Իհարկե՛ ոչ: Հոդվածաշարի նախորդած մասերում արդեն իսկ նշել ենք, որ Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու թերևս միակ իրատեսական տարբերակը Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ, Աշխարհի Դատարան) 2023թ. փետրվարի 22- ի և հուլիսի 6- ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների կատարման ապահովումն է: Հիշեցնենք, որ ԱՄԴ-ն փետրվարի 22- ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրել «նախքան գործով վերջնական վճռի կայացումը, ձեռնարկել բոլոր գործողությունները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով»։

Թեև ԱՄԴ- ի որոշումները պարտադիր կատարման ենթակա են, սակայն Ադրբեջանն առ այսօր դրանք չի կատարում: ԱՄԴ- ի որոշումների կատարումն ապահովելու հնարավորություն (Ադրբեջանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումից սկսած, մինչև անդամ երկրների զինված ուժերի կիրառում) ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ- ն գործնական միջոցներ կիրառի, Հայաստանը, որպես պետություն, պետք է պաշտոնական դիմում ներկայացնի ՄԱԿ- ի ԱԽ- ին:

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանից դիմելու իրավասություն ունեն միայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ կառավարության որոշմամբ՝ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը, այսինքն՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը վերաբացելու խնդրի լուծման բանալին Նիկոլի կամ նրա գլխավորած կառավարության ձեռքում է, նրանք էլ Արցախի նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն վարող Ալիևի հանցակիցը լինելով, միտումնավոր չեն դիմում:

Սակայն վերոնշյալ բանալին միայն Նիկոլի կամ նրա գլխավորած կառավարության ձեռքում չէ, այլ նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, որը եթե ճիշտ կազմակերպի և բավարար ճնշում գործադրի Նիկոլի, նրա գլխավորած կառավարության վրա, նրանց կստիպի դիմել ՄԱԿ- ի ԱԽ: Առաջարկում եմ քայլերի հետևյալ հաջորդականությունը.

  1. Կազմել հանրությանը հայտնի, վաստակ, ճանաչում, հեղինակություն ունեցող բազմաթիվ անձանց կողմից Նիկոլին կամ Հայաստանի կառավարությանն ուղղված համապատասխան պահանջագիր կամ դիմում, որով հասցեատիրոջից պետք է պահանջվի ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի կողմից ՄԱԿ- ի Կանոնադրության 41- րդ և 42- րդ հոդվածների կիրառմամբ ԱՄԴ-ի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6- ի որոշումների կատարման ապահովմանը հասնելու նպատակով, առավելագույնը մեկշաբաթյա ժամանակաընթացքում պատրաստել և ՄԱԿ- ի ԱԽ- ին հասցեագրել համապատասխան դիմում (պահանջագիրը (դիմումն) արդեն իսկ կազմված է և լրամշակման ընթացքում է):
  2. Պահանջագրի (դիմումի) հեղինակների և նախաձեռնությանը միացող ընդդիմադիր ուժերի, ընդհանրապես, յուրաքանչյուր հայի կողմից հասանելի բոլոր տեղեկատվական միջոցներով հանրությանն առնվազն մեկ շաբաթվա ընթացքում լայնորեն իրազեկել պահանջագրի (դիմումի) բովանդակության և նախաձեռնության նպատակի մասին:
  3. Իրազեկումից հետո կազմակերպել երթ և, ասենք, 1000- 1500 քաղաքացիների հետ միասին, միջոցառումը տեսանկարահանող բազմաթիվ ԶԼՄ- ների ուղեկցությամբ պահանջագիրը (դիմումը) հանձնել հասցեատիրոջ ներկայացուցչին:
  4. Դրանից հետո ևս մեկ շաբաթ ակտիվորեն շարունակել հանրությանը լայնորեն իրազեկելու, նախաձեռնության նպատակը և այլ մանրամասներ լուսաբանելու աշխատանքները:
  5. Նիկոլի կամ կառավարության կողմից պահանջագրի (դիմումի) պահանջը սահմանված ժամկետում չկատարելու կամ ողջախոհ ու հստակ նշված ժամկետում կատարելու պատրաստակամություն չհայտնելու (ամենահավանական տարբերակը), կամ պահանջագիրը (դիմումը) ուղղակի մերժելու պարագայում հանրությանը կոչ անել փողոց դուրս գալ, այդ ուղղությամբ կազմակերպել համապատասխան աշխատանքներ, և 10 000 և ավելի քաղաքացիների՝ փողոց դուրս գալու դեպքում շրջափակել Նիկոլի աշխատավայրը կամ կառավարության շենքը՝ վերոնշյալ պահանջով, այդ ընթացքում համապատասխան աշխատանքներ կատարել, որ բողոքի միջոցառման մասնակիցների քանակն ավելանա, և շենքը շրջափակված պահել այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ պահանջը չի կատարվել:

Վերոնշյալ պահանջը հանրության գերակշիռ մեծամասնության կողմից լիովին ընկալելի կլինի քանի որ այն Նիկոլի հրաժարականի, իշխանափոխության պահանջ չէ, չի հետապնդում ներկաներին նախկիններով փոխարինելու խնդիր, ինչը հասարակության մի ահագին մասի կողմից ընդունելի չէ, կապված չէ կոռուպցիայի, բնապահպանական ինչ- ինչ խնդիրների հետ, որոնք մեր հասարակությունը, ցավոք, այնքան էլ չի կարևորում:

Վերոնշյալ պահանջը չկատարելու կամ պահանջագիրը (դիմումը) ուղղակի մերժելու պարագայում Նիկոլը, նրա գլխավորած կառավարությունը հանրության էլ ավելի մեծ զանգվածների կբացահայտեն իրենց իրական բնույթը, տվյալ խնդրում Ալիևի ցեղասպանական քաղաքականությանը չխոչընդոտելը և նրան տվյալ գործում հանցակից լինելը, ինչպես ընդունված է նման դեպքերում ասել, «կվառեն» իրենց: Դե, եթե պատրաստ են այդ ռիսկին գնալ, թող գնան, տեսնենք ինչ կստացվի դրանից հետո…

 

Արթուր Հովհաննիսյան