Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել Սինջարում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, այցելել են Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2014թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

«Պաշտպանն ու ԱԺ պատգամավորը ծաղիկներ են խոնարհել Իրաքում ԴԱԻՇԻ-ի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգելով նրանց հիշատակը:

«2014 թվականի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, ազգություն չի ճանաչում և հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության: Նման երևույթներն այլևս չպետք է երբեք կրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի վերջիններս քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվեն և դատապարտվեն: Այսօր ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը շրջել է հոգևոր կենտրոնի տարածքով, նրան ներկայացվել են Հայաստանում եզդիական համայնքի պատմությունն ու հայ եղբայրների հետ անցած ուղին:

Պաշտպանը նաև նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ: