Կապանում բացվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը

Կապանում այսօր՝ օգոստոսի 2-ին, բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը:

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր խոսքում ցանկություն հայտնեց, որ այս կենտրոնի բացումը խաղաղություն կբերի Սյունիքին:

«Ուրախ եմ ողջունել Սյունիքում առաջին օպերատիվ կենտրոնի բացման կապակցությամբ: Ըստ մեր պլանի մենք մտադիր ենք 6 օպերատիվ բազաներ ունենալ Հայաստանում և համարյա մոտ ենք մեր պլանների իրականացմանը: Երբ Հայաստանում սկսեցինք մեր աշխատանքը, ունեինք ընդամենը երկու մշտական աշխատակից: Ուրախ եմ հիմա ասել, որ արդեն ունենք 90 աշխատակից: Մեր մշտական աշխատող կենտրոնները գտնվում են Մարտունիում, Գորիսում և Ջերմուկում: Այսօր բացում ենք կենտրոն Կապանում, որից հետո մտադիր ենք կենտրոններ բացել Իջևանում և Եղեգնաձորում:

Կապանում գտնվող կենտրոնը շատ կարևոր է ռազմական տեսանկյունից, դա թույլ կտա, որ մենք իրավիճակին մոտիկից ծանոթանանք և զեկուցենք: Դա նաև թույլ կտա, որ մեր դիտորդների երթևեկության ճանապարհը կրճատվի: Հույս ունեմ, որ մեր այստեղ գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին»,-ասաց նա:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը նշեց. «Մենք հասկանում ենք, որ այս շրջանում իրավիճակը հեշտ չէ, և այս կենտրոնի բացումը կնպաստի, որ մենք կարողանանք դիտարկել, վերահսկել իրավիճակը, բերել այս տարածաշրջանին կայունություն, ապահովություն ու խաղաղություն»:

Նա նաև հավելեց, որ իրենք սկսում ենք մի նոր առաքելություն, նախաձեռնություն, որը կոչվում է «Թիմ Եվրոպա», և մինչ այժմ համարյա 42 նախագիծ է իրականացվել, որն արժե մոտ 116 մլն եվրո: