Ինչ պետք է անել այստեղ տարածաշրջանային մեծ պատերազմից խուսափելու համար, և ում ձեռքում է խնդրի լուծման բանալին… 2

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բացելուն նպատակաուղղված ՌԴ ղեկավարության բոլոր հայտարարություններն առ այսօր, ցավոք, ձայն բարբառո անապատի են

 

Սկիզբը՝ այստեղ 

Արցախ ուղարկվող շուրջ 360 տոննա հումանիտար բեռը երեկվանից Կոռնիձորում, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի մոտ է: Կհասնի՞ այն տեղ, Ադրբեջանը թեկուզ ժամանակավորապես կվերացնի՞ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակումը… Այս հարցի պատասխանը խիստ անորոշ է: Փաստն այն է, որ բեռն Արցախ հասցնելու համար հայկական կողմը դիմել է թե ադրբեջանական կողմին, թե ռուսական խաղաղապահներին, սակայն դեռևս արձագանք չի ստացել:

Լավ, ասենք թե, լավագույն դեպքում, Ադրբեջանն այս անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ կամ Մոսկվայի, Կրեմլի ճնշմամբ, ինչպես նաև «միջազգային հանրություն» կոչվածի աչքին թոզ փչելու նպատակով, ընդամենը 360 տոննա հումանիտար բեռը բաց թողեց Արցախ: Դա խնդրի լուծում կլինի՞… Իհարկե՛ ոչ: 360 տոննա բեռը՝ առաջին անհրաժեշտության սննդամթերք և այլ ապրանքներ, դեղորայք, երկար ժամանակ արտաքին աշխարհից դրանք չստանալու հետևանքով Արցախի սրված կարիքների չնչին մասն է: Հետևաբար շատ ավելի կարևոր է պատասխանն այն հարցի, թե Ադրբեջանն առաջիկայում արդյոք կվերացնի՞ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակումը…

Այս հարցի ճիշտ պատասխանը ստանալու համար պետք է հասկանալ, թե Ադրբեջանը հիշյալ միջանցքն արգելափակելով, ինչ նպատակներ է հետապնդում:

Նպատակ 1- ին. Հայաստանին ստիպել ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր»՝ ոչ միայն Հայաստանի համար ստորացուցիչ և Ադրբեջանի համար շահեկան պայմաններով, այլև Արցախի և Հայաստանի համար կործանարար հետևանքներով:

Նպատակ 2- րդ. Արցախին ստիպել գալ իր հետ համաձայնության Արցախի Հանրապետության գոյությանը վերջակետ դնելու և Ադրբեջանի տարածքի մի սովորական մասը հանդիսանալու հարցում (նույնիսկ առանց այն ինքնավարության, որն ուներ ԽՍՀՄ ժամանակ, երբ ԼՂԻՄ էր): Այս պահանջի կատարումը, բնականաբար, նշանակում է ինչպես Արցախի Պաշտպանության բանակի ցրում, եղած սպառազինության հանձնում Ադրբեջանին, այնպես էլ ԱՀ իշխանության տարբեր մարմինների լուծարում, որից հետո Ադրբեջանն ազատորեն, առանց չնչին դիմադրության, Արցախում «պատերազմական հանցագործների» (ազատամարտիկների, ՊԲ երբեմնի զինծառայողների և նրանց հրամանատարների) որսը, նրանց քրեական պատասխանատվության ու կտտանքների ենթարկելը, նրանց ընտանիքի անդամների, «լավագույն դեպքում», բռնաճնշումները…

Նպատակ 3- րդ. Արցախում և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի հեղինակությունը զրոյացնել, վարկաբեկել ոչ միայն նրան, այլև Ռուսաստանին, նրա նախագահին և, ընդհանրապես, ղեկավարությանը:

Նպատակ 4- րդ. եթե ռուսական խաղաղապահ զորակազմը կամ ՌԴ Զինված ուժերը փորձեն ուժային եղանակով լուծել խնդիրը, ապա անցնել Արևմուտքից ստացված առաջադրանքի կատարմանը՝ սանձազերծել ռուս- ադրբեջանական պատերազմ, դրանում ներքաշել Թուրքիային և մեր տարածաշրջանում ՌԴ- ի համար բացել պատերազմի 2- րդ ճակատ:

Ալիևի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս նպատակները հասկանալուց հետո պարզ է դառնում, որ Ադրբեջանը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակումը սոսկ հայկական կողմի, Ռուսաստանի և «միջազգային հանրության» պահանջներով, որոնք արդեն քանիցս ներկայացվել է Ադրբեջանին, վերացնողը չէ, եթե դրանք ընդամենը կոչեր են, առանց գործնական քայլերի… Հիշյալ միջանցքի արգելափակումը եթե առաջիկայում նույնիսկ վերացնի էլ, ապա Ադրբեջանի տվյալ քայլը, առանց իր վերոնշյալ պայմանների կատարման, առանց իր վերոնշյալ նպատակներին հասնելու, ունենալու է ընդամենը ժամանակավոր բնույթ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան