Ադրբեջանին զուգահեռ, Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին, ՌԴ-ին թիրախավորել են նաև հուդան, նրա և Արևմուտքի արբանյակները. 2

Սկիզբը՝ այստեղ

Ադրբեջանի ղեկավարությանը զուգահեռ, հայաստանյան իրականության բոլորին քաջհայտնի հուդայի, նրա և Արևմուտքի արբանյակների կամ լակեյների, ռուսատյացների ոհմակի համար Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին, ՌԴ-ին թիրախավորելու, հանիրավի քննադատելու, զրպարտչորեն մեղադրելու հերթական առիթը հանդիսացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության 2023թ. հուլիսի 15-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ցավոք, նույն գործին են լծված նաև վերոնշյալ անձանց, ուժերի, իշխանական ԶԼՄ- ների կողմից մոլորեցված, հակառուսականության թույնով թունավորված կամ պարզապես անգետ, իրականությանն անտեղյակ բազմաթիվ անձինք:

Այն, որ ադրբեջանական կողմը կատաղած է ՌԴ ԱԳՆ- ի վերը նշված հայտարարությունից ու հանիրավի մեղադրում է նրան, լիովին հասկանալի է, բայց հասարակությանը պետք է հասկանալի դառնան նաև նույն հայտարարության վերաբերյալ հայկական կողմից արտահայտվող քննադատությունների, մեղադրանքների անհիմն, հանիրավի, շինծու լինելը, իսկ երբեմն նաև զրպարտչական բնույթը: Միաժամանակ հասարակությունն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին», որոնք իրենց նմանաբնույթ քննադատություններով, մեկնաբանություններով, մեղադրանքներով ջուր են լցնում Ադրբեջանի, Ալիևի ու նաև Նիկոլի ջրաղացին:

Սույն հոդվածաշարում մենք թարգմանաբար, հատվածաբար, բայց ամբողջականորեն, վերլուծաբար ու համապատասխան մեկնաբանություններով կներկայացնենք ՌԴ ԱԳՆ հիշյալ հայտարարությունը, ինչպես նաև հայտարարության վերաբերյալ ադրբեջանական և հայկական կողմերից որոշ արձագանքներ:

«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։,- նշված է ՌԴ ԱԳՆ 2023թ. հուլիսի 15- ի հայտարարության մեջ:- Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը։

Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա»։

Իրոք, անվիճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի կողմից վերոնշյալ գագաթնաժողովներում և հետագայում նաև այլուր, այլ հարթակներում, ինչպես նաև նրա դրածոների՝ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և  Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի կողմից Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելն «արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»:

Թեև լիովին հասկանալի է, բայց անհասկացողների համար հավելենք՝ պետական դավաճանների, մեր ներքին թշնամիների կողմից Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելն արմատապես փոխել է Արցախում և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի վիճակը՝ այն թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից վատացնելու առումներով: Ընդ որում, վերոնշյալ ճանաչումը ոչ միայն ՌԴ խաղաղապահ զորակազմի, այլև Արցախի հարցում, ընդհանրապես, Ռուսաստանի վիճակն է վատացրել, ինչը նույնպես հասկանալի է:

Ավելին. հնարավոր է, որ եթե Նիկոլի ու նրա ոհմակի վերոնշյալ դավաճանական քայլը չլիներ, ինչն անտարակույս սահմանափակել է ՌԴ առավել խիստ հայտարարությունների, գործողությունների հնարավորությունը, դրա փոխարեն լիներ համապատասխան դիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքն Ադրբեջանի արգելափակումից ուժային եղանակով արդեն բացած լիներ:

Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ միջազգային հարթակում 2022թ. թվականի հոկտեմբերից սկիզբ առած, հետագայում նրա և նրա ոհմակի կողմից կրկնված, վերահաստատված հայտարարություններն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ադրբեջանին քաղաքական առումով հնարավորություն տվեցին 2022թ. դեկտեմբերի 12- ից արգելափակել Հայաստանը և Արցախի Հանրապետությունը միմյանց կապող միակ ճանապարհը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, և մինչև այսօր այն ամբողջապես փակ պահել:

Այս առումով ԱՀ շուրջ 120 000 բնակչության ներկայիս վիճակի (սննդի, դեղորայքի, համապատասխան բուժծառայության բացակայության պատճառով գնալով աճում է մահացությունը, գտնվում են հումանիտար աղետի մեջ, զանգվածային սովամահության ու ցեղասպանության եզրին) ողջ պատասխանատվությունն Ալիևի ու նրա վարչակարգի հետ միասին կրում են նաև Նիկոլն ու նրա հանցախումբը:

Անվիճելի է նաև, որ Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի Հայտարարությունը: Այն ժամանակ Արցախը Հայաստանի վարչապետի, նախագահի, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի, արտգործնախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները զբաղեցնողների կողմից որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչված չէր, Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև մնում էր վիճելի, ըստ Հայաստանի և միջազգային հանրության, բանակցային լուծման ենթակա:

Հետևաբար ճիշտ է նաև ՌԴ ԱԳՆ հայտարարության այն մասը, որ «…այս պայմաններում (նկատի է առնված փոխված և հայտարարությունում նշված բոլոր պայմանները, ներառյալ՝ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի փոխված վիճակը – Ա.Հ.) Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա»։ Արդյոք հարկ կա՞  նշելու, որ հայտարարության այս մասն ուղղված է Նիկոլին և ՌԴ- ին հանիրավի մեղադրող այլ անձանց…

Վերը շարադրված ամբողջի հակառակ պնդումն անբարոյականություն կլինի, ստորություն կամ քաղաքականությունից նվազագույն գիտելիքների բացակայության, ինչպես նաև տրամաբանությունից կաղելու արտահայտություն: Իսկ հակառակ պնդման, ավելին՝ ՌԴ- ի նկատմամբ զրպարտչական մեղադրանքի հեղինակներից մեկը Նիկոլի հոգևոր հոր՝ Հայաստանի Հանրապետության առաջին չարագործ Լևոն Տեր- Պետրոսյանի երբեմնի խնամի, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանն է: Նա օրերս անհիմն կերպով, ՌԴ ԱԳՆ հիշյալ հայտարարությանը կեղծ բովանդակություն վերագրելով ու կեղծելով իրականությունը, հայտարարել է , որ «Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան