ՀՀ 3-րդ նախագահի ուղերձն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին ունի մի շարք նպատակներ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին՝ գրել է․

«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին, ստեղծված իրավիճակում ունի մի շարք հայտնի պատճառներ և նպատակներ.

  1. Արցախյան հիմնախնդիրը, որը շուրջ երեք տասնամյակ, միջազգային իրավունքում և հարաբերություններում եղել է օրակարգային հարցերից մեկը` մեր դավադիր դիլետանտի և ազերի բռնապետի պատճառով վերածվում է 21-րդ դարի անմարդկային ողբերգության:
  2. Հումանիտար աղետի ենթարկված արցախահայությանը կանգնեցրել են մարդկության պատմության նոր ցեղասպանական ռիսկի առջև, ինչն անհապաղ չեզոքացնելու կարիք կա:
  3. ԵԱԿՀ ՄԽ-ը շարունակում է դեյուրե իրավական ուժ ունենալ և հանդիսանալ արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը:
  4. Արցախյան հիմնախնդիրը չի կարելի փակված համարել և այն պետք է վերադառնա միջազգային իրավասու կառույցների և միջազգային հանրության ուշադրության կենտրոն:
  5. Հայ ժողովուրդը` հույս չդնելով իր ապաշնորհ և ազգադավ իշխանությունների վրա, իրավիճակը փրկելու նպատակով, պետք է գործի դնի Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ու հանրային բոլոր հնարավոր ռեսուրսները:
  6. Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղերձում նկարագրված պատճառներն ու հետևանքները, ևս մեկ անգամ փաստում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
  7. Պայքարն արցախցիների ինքնորոշման իրավունքի համար շարունակվում է:

Հուսանք, որ ՀՀ 3-րդ նախագահի պաշտոնական նամակներն, այսօր դիվանագիտական խողովակներով փոխանցվելուց հետո կհասնեն Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվարժան նախագահներին և նոր ազդակ կհանդիսանան ստեղծված իրավիճակից արագ լուծումներ գտնելու համար»: