Հռոմի ստատուտի ընդունումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ. Հակոբ Արշակյանն արձագանքել է ռուս գործընկերոջը

Հակոբ Արշակյանն անդրադարձել է՝ Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի մտահոգությանը։

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովից:

«ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ  Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող և չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ»: