Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց և անում է՝ ապացուցելու, որ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սխալվում էին, իսկ Ալիևը ճիշտ էր…

Ուր էինք Սերժ Սարգսյանի օրոք, և ուր հասանք Նիկոլ Փաշինյանի օրոք

 

2009 թվականի ապրիլ. Ադրբեջանի ղեկավարությունն արդեն սկսել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան կարգավորման մասին, այսինքն՝ արդեն հարկադրված էր հաշվի առնելու, որ տվյալ խնդիրը պետք է լուծվի նաև ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Նույն ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց.

«Առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, և եթե այս հարցը լուծվի, մնացած բոլոր հարցերը հեշտությամբ կկարողանանք լուծել:

Ես ուրախ եմ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է խոսել խնդրի՝ միջազգային բոլոր սկզբունքներին համապատասխան կարգավորման մասին: Օրերս Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հանդես գալով ռուսական լրատվամիջոցների առջև, բազմիցս ասաց, որ, այո՛, այս խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համահունչ:

Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար տարիների ընթացքում խոսում էր, որ ԼՂ-ի խնդիրը կարող է լուծվել կամ ռազմական ճանապարհով, կամ էլ միայն տարածքային ամբողջականության սահմաններում»:

Սերժ Սարգսյանի վերոնշյալ ելույթից շուրջ երկու ամիս առաջ, փետրվարի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը և Մեթյու Բրայզան հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի «արդար և հարատև կարգավորման առանցքային տարրը ուժի գործադրման բացառումն է»:

«Չնայած ՄԱԿ- ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքով 2008 թվականի դեկտեմբերի 24- ին և 29- ին շրջանառության մեջ դրված երկու զեկույցներին, ԵԱՀԿ Մինսկի խումբը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի,- նշված էր համանախագահների հայտարարության մեջ:- Համանախագահները ընդգծում են, որ հակամարտության արդար և հարատև կարգավորման առանցքայի տարրն ուժի գործադրման բացառումն է»:

2009թ. ապրիլի դրությամբ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ նախագահի և արտգործնախարարի դրսևորած հետևողական դիրքորոշմամբ ու ջանքերով հաջողվեց միջնորդ երկրների ղեկավարների ու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունների մակարդակով ամրագրել, որ խնդիրը չպետք է ունենա և չունի ուժային լուծում, որ անընդունելի և դատապարտելի է նաև ուժի սպառնալիքը, և որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության և, ամենակարևորը, ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Թե ինչ կատարվեց դրանից հետո, թերևս բոլորին արդեն հայտնի է: Թավշյա խաբկանքով իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց և անում է՝ ապացուցելու, որ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սխալվում էին, իսկ Ալիևը ճիշտ էր, որ ԼՂ-ի խնդիրը կարող է լուծվել կամ ռազմական ճանապարհով, կամ էլ միայն տարածքային ամբողջականության սահմաններում:

Այն ամբողջ դիվանագիտական, քաղաքական վաստակը, որը նախկին իշխանությունների օրոք Հայաստանի ղեկավարության կողմից ձեռք էր բերվել Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում, Նիկոլ Փաշինյանը դավաճանական, պարտվողական պատերազմով, իսկ վերջերս Արցախն ուղղակի Ադրբեջանի կազմում ճանաչելով, հեշտությամբ և անխիղճ կերպով ջուրը լցրեց:

 

Արմեն Ոսկանյան