Վիտալի Բալասանյանի տան խուզարկությունից հետո նրան 3 մեղադրանք է առաջադրվել

4 դրվագով մեղադրանք կա առաջադրված Վիտալի Բալասանյանին՝ 185-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով, 245 հոդվածի 1-ին մասով, 337-րդ հոդվածի 1-ին մասով և 279-րդ հոդվածի 1-ին մասով, այն է թե իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Ընդ որում, մեղադրանքներից մեկն էլ շատ վաղուց է առաջադրվել՝  185-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետի մասին է խոսքը»,- մանրամասնեց պաշտպանը։

Փաստաբանը հայտնեց, որ այս պահին ուսումնասիրվում է խուզարկությունների դրվագը, եթե հիմք տեսնեն, հնարավոր է` դրա հետ կապված բողոքարկում իրականացնեն։
«Միջնորդություններ ունենք ներկայացրած վկաների հետ, հարցաքննությունների հետ կապված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք կիրառելու հետ կապված»,- հայտնեց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանը նշել էր, որ այս պահին դատարանը քննում է պաշտպանի կողմից ներկայացված ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն վերջինս հայտնեց, որ դիմում է գրել՝ հրաժարվել բողոքից․ «Նպատակահարմար չէր շարունակել, քանի որ արդեն իսկ կալանավորման միջնորդությունը մերժված է, ես էլ այլ դատական նիստ ունեի հրաժարվեցի»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն և Բալասանյանի եղբորը։ Նրանք սակայն ավելի վաղ ազատ արձակվեցին։