Հայ ժողովուրդը 2018 թվականին ընտրեց Ադրբեջանին հանձնվելու ճանապարհը

«Արցախը Հայաստան է և վերջ» թեզի հեղինակը և Արցախի հարցը ի նպաստ Հայաստանի լուծելու սուտ խոստումներով իշխանությունը զավթած Փաշինյանն ի վերջո հայ ժողովրդին ցույց տվեց, թե իրականում ինչ առաքելությամբ 2018 թվականի դավադիր գործողություններով իշխանության եկավ և ամենայն հավանականությամբ մինչև չավարտի իր վրա դրած միսիան, չի հեռանա։ Նա հետևողականորեն նախ մեզ վարժեցրեց այն մտքին, որ ինքը պատրաստվում է մի փաստաթուղթ ստորագրել, որի համար իրեն դավաճան կանվանեն, և երբ հանրային վրդովմունքը վերածվեց համակերպման, պրահյան, բրյուսելյան հանդիպումներում Փաշինյանն անվերապահ ընդունեց՝ ինչ Հայաստան, ինչ ինքնորոշման իրավունք, Արցախն ի սկբանե ադրբեջանական տարածք է եղել, և ինքն էլ պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության անունից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86, 600 քառ կմ-ի սահմաններում՝ ներառյալ Արցախն ու ՀՀ որոշ տարածքներ, որոնք Փաշինյանն անկլավներ է անվանում։ Իր այդ արկածախնդրությունը նա հրամցնում է որպես Հայաստանի Հանրապետության ամբողջականության և անվտանգության երաշխիք, թե՝ Արցախը տանք, որ հանգիստ ու լավ ապրենք։ Իհարկե, կան տհասներ, անհեռատես, քաղաքականությունից և հայրենիքի ընկալումից հեռու մարդիկ, որոնք կերել են այդ կուտը, բայց յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, անգամ եթե հայրենասիրության զգացումով էլ տոգորված չէ, զուտ սառը դատողությամբ հասկանում է, որ Արցախը տալով՝ մենք բացում ենք Հայաստանի դարպասները թշնամու առաջ, ինչը մեկ անգամ ևս ապացուցվեց Ադրբեջանի ղեկավար Ալիևի ձեռնարկներով՝ Հայաստանը կուլ տալու ուղղությամբ։ Եթե նախորդ իշխանությունների օրոք Ալիևը սահմանափակվում էր Երևանի, Սևանա լճի, Սյունիքի նկատմամբ երկչոտ նկրտումներ արտահայտելով ու երկար ժամանակ սսկվելով, ապա այս իշխանությունների ժամանակ իր այդ նկրտումները կյանքի կոչելու ուղղությամբ հստակ քայլեր է անում և արել։ Օրինակ՝ ձևավորել է «արևմտյան Ադրբեջան» եզրույթը և դրել շրջանառության մեջ՝ ստիպելով, որ միջազգային հանրությունը նույնպես ընդունի այն և նպաստի վերականգնելու այդ կեղծ պետությունը։ Իսկ որպես այդպիսին ներկայացվում է Հայաստանի ողջ տարածքը։ «Արևմտյան Ադրբեջանի հարցը մենք դուրս ենք բերել միջազգային ասպարեզ։ Այդ նպատակով արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծված», – մի առիթով ասել է Ալիևը։

Ալիևը ջանքեր է գործադրել նաև ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների կառույց ստեղծելու ուղղությամբ և միջազգային ատյաններում ներկայացրել, թե Հայաստանից նրանց արտաքսումը մարդու իրավունքների խախտում է, պահանջել վերադարձնել նրանց իրենց երբեմնի տները։ Այսօր արդեն խոսվում է Հայաստանի տարբեր մարզեր ու գյուղեր ադրբեջանցի «փախստականների» հնարավոր վերադարձի մասին, անգամ որոշ տեղեկություն սպրդեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամերիկյան հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնց համաձայն, ավելի քան 65 հազար ադրբեջանցի է վերաբնակեցվելու ՀՀ տարածքում։

Իսկ ՀՀ հակահայ իշխանությունները, հպատակվելով Ալիևի կամքին, ամեն ինչ անում են ի հեճուկս հայ ժողովրդի՝ բավարարելու նրա պահանջները։ «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք ու լուծենք ՀՀ ինքնիշխան տարածքի անվտանգային խնդիրները» փաշինյանական պնդումը փուչիկի պես պայթեց, երբ ասպարեզ նետվեց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանին տարածքներ զիջելու, նվիրելու թեման։ Ի դեպ, Փաշինյանն ինքն էլ խոստովանեց, որ Ալիևը հրաժարվում է ընդունել Փաշինյանի պատկերացրած սահմաններում տեղավորվող Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով տապալելով խաղաղության հաստատման ուղղությամբ բանակցային գործընթացը։ Պարզ է, Ալիևի նպատակը ոչ միայն Փաշինյանի կողմից բնորոշված անկլավների ձեռք բերումն է, այլև մեր երկրի ռազմավարական կարևոր տարածքների հափշտակումը՝ մեր ներքին թշնամիների հետ համաձայնությամբ։ Հետաքրքիր է, հիմա Փաշինյանը ի՞նչ կերակուր կմատուցի իր էլեկտորատին՝ Հայաստանի տարածքները հանուն ինչի՞ է տալիս, ի՞նչ է դրա փոխարեն նրանց խոստանալու՝ խաղաղություն ստրկացմա՞մբ, երկիրը հանձնելո՞վ ու Հայաստանը թրքացնելո՞վ։ Բայց փոխարենը մենք խաղաղ կապրենք, մեր որդիները չեն գնա սահմանը պահելու ու չեն զոհվի, հայ ընտանիքների օջախները չեն մարի՝ իրենց արու զավակների մահով, ավելին՝ չեն գնա բանակ ծառայելու, իսկ զենք, զինամթերք գնելու, բանակ պահելու փոխարեն այդ գումարով կբարձրացնեն թոշակներն ու նպաստները։ Սա 2018 թվականին նախորդ իշխանություներին մերժելու գինն է լինելու։

Այսօր արդեն շատերն են ընդունում, որ նախկինում եղած արատավոր երևույթների, բացերի, համակարգային խնդիրների հետ մեկտեղ մենք այնքան երջանիկ էինք, որ այսօր այդ անցյալի մասին ենք երազում, գոնե այդ անցյալը վերադարձնելու հնարավորության մասին ենք մտածում։ Բայց ընդունենք, որ նախկին իշխանությունների ժամանակ իսկապես մենք երջանիկ էինք, քանի որ գիշերը գլուխներս բարձին դնելով՝ ականջներիս չէր հնչում Նիկոլ Փաշինյանի ձայնը Արցախից ձեռքերը լվանալու, հայկական կեղծ անկլավների, ադրբեջանցի տեղահանվածների իրավունքների մասին։ Հակառակը, Սերժ Սարգսյանի քաղաքական կրեդոն երկրի ամբողջականությունն ու անվտանգությունն էր՝ ՀՀ և ազատագրված Արցախի Հանրապետության ամբողջական տարածքների սահմաններից ներս։ Երբեք նա մեզ չփորձեց համոզել, որ պետք է հանգիստ ու անվտանգ ապրելու համար Ադրբեջանին Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջենք, էլ ուր մնաց ամբողջական Արցախը։ Սերժ Սարգսյանի նպատակն էր հզորացնել Արցախը, որպեսզի ավելի անառիկ դառնա ու հնարավոր լինի դիմակայել ադրբեջանական ագրեսիվ հարձակումներին։ Հայաստանի Հանրապետության բյուջեն նախկին իշխանությունների օրոք ծառայում էր երկու հայկական պետություննեի զարգացմանը, մենք ունեինք երկու բանակ, որը չէինք տարանջատում և Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայ երիտասարդը ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում։

Արցախի ազատագրման 28-ամյակի առիթով ՀՀ երրորդ նախագահն իր ելույթում կարևորել է այդ հանգամանքը՝ ընդգծելով, որ «Համահայկական հոգատարության և սիրո բազմաթիվ վկայություններ կան Արցախում, որ ստեղծվել են անցած շուրջ երեք տասնամյակում` ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ, բնակարաններ… Եվ այդ ամենն իրողություն է դարձել աշխարհի չորս կողմերում և մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներից լումա առ լումա հավաքված միջոցների շնորհիվ` ազատ ու անկախ Արցախը օր առաջ հզոր և անվտանգ տեսնելու ցանկությամբ:

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում: Այսօր դա նույնքան վտանգավոր է, որքան կարող էր լինել ազատամարտի տարիներին: Չգիտակցել դա` նշանակում է վտանգի տակ դնել Հայրենիքը հանուն այսրոպեական, անձնական, քաղաքական կամ այլ անցողիկ շահերի»: Սերժ Սարգսյանի ուղերձում համախմբման, թիկունք թիկունքի կանգնելու գաղափարն է, այնինչ այս իշխանությունները իրենց կառավարման տարիներին ամեն ինչ արեցին պառակտելու հայաստանցուն և արցախցուն, տարանջատելու նրանց՝ թշնամության սեպ խրելու միտումով, որպեսզի օրհասական պահին հայաստանցին օգնության չհասի Արցախում ապրող իր հայրենակցին։

Հատկանշական է, որ «Известия»-ին տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահը ներկայացրել է, որ դեռ բանակցային գործընթացի ժամանակներից սկսած՝ Ալիևը ամեն ինչ արել է Հայաստանից միակողմանի զիջումների հասնելու համար, թեև միշտ ձախողել է ու ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կանգնել փոխզիջումների գնալու պարտադրանքի առաջ։

«30 տարիներից 25-ն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է եռակողմ անժամկետ համաձայնագիր հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ: Ցավոք, 2014 թվականից ի վեր գրեթե ամեն օր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է: 2016 թվականի ապրիլին, տանուլ տալով բանակցություններում, ադրբեջանական կողմը, դավադիր կերպով խախտելով համաձայնագրով իր բոլոր պարտականությունները, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ մեծ քանակությամբ օդուժի, զրահատեխնիկայի, խոշոր տրամաչափի հրետանիների, հրթիռային և հրետանային համակարգերի կիրառմամբ, որոնց մեծ մասը, ի դեպ, ձեռք է բերվել Ռուսաստանից: Սակայն նրանց չհաջողվեց լուծել որևէ լուրջ խնդիր, և հինգերորդ օրը Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպեցին և պայմանավորվեցին վերսկսել ավելի վաղ ստորագրված համաձայնագրի պայմանների կատարումը»,- նշել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ դրան հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք գագաթնաժողովներ, որոնց ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննման մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ: Սակայն ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, հրաժարվում էր պայմանավորվածությունները կյանքի կոչել: Դեռ 2007 թվականին Մինսկի խումբն առաջարկել էր խնդիրը լուծել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ինչպես նաև տարածքային ամբողջականություն: «Մեր կարծիքով՝ դա փոխզիջումների հավասարակշռված մոտեցում է: Դա այն չէ, ինչի մասին մենք երազել ենք: Դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Սակայն գիտակցելով, որ հարցը կարող է կարգավորվել միայն փոխզիջման հիման վրա, մենք համաձայնեցինք բանակցությունների: Եվ թվում էր, որ 2011 թվականին Կազանում մենք մոտ էինք ստորագրմանը: Սակայն Բաքուն առաջ քաշեց լրացուցիչ պահանջներ և ստորագրում տեղի չունեցավ»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Սարգսյանը փաստել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ունի պատրանք, թե փոխզիջումը հնարավոր է միայն Հայաստանի ու Արցախի կողմից: Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով է, որ ստատուս-քվոն անփոփոխ էր մնում: «Սակայն այստեղ անհրաժեշտ է պատասխան փոխզիջում: Ադրբեջանցիները դեռևս խնդրի ռազմական կարգավորման հույս ունեն: Ինչպես ցույց է տվել պրակտիկան՝ թե՛ 1990-ականների սկզբներին, թե՛ 2016 թվականին, դա հնարավոր չէ: Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրադրությունն ամեն դեպքում չի փոխվի: Միևնույն է՝ մենք վաղ թե ուշ պետք է հանգենք որևէ լուծման: Սակայն որքան շուտ, այնքան լավ:

Իսկ Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է: Այո, դա փոքր երկիր է, սակայն դա դեռևս հիմնավորում չէ ասելու համար, թե դուք իրավունք չունեք ազատ ապրել: Մարդիկ այնտեղ հազարավոր տարիներով ապրել են և շարունակելու են հետագայում էլ ապրել: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, շատ բան են անում խնդրի կարգավորման համար: Նախագահների մակարդակով արվել է հինգ հայտարարություն, և դրանք բոլորը խոսում են այն մասին, որ հարցը կարող է կարգավորվել միայն այս երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներն անտարանջատելի են: Եվ դա շատ կարևոր է»,- հայտարարել է Սարգսյանը:

Բայց արձանագրենք, որ 2018 թվականից հետո Հայաստանի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ Ադրբեջանը գործի դրեց իր ներքին ռումբը՝ այստեղ ներմուծելով թրքահպատակ իշխանությունների՝ տրոյական ձիու միջոցով։ Եվ հիմա մեր ամենասարսափելի երազներում անգամ անհնարին թվացող իրողությունները իրականություն են դառնում։

Թագուհի Ասլանյան