ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 17-ին, այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան: Այցն իրականացվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ: Նպատակն էր տեղում դիտարկել ամառային զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի և զորակոչիկների հետ: «Որպես զինված ուժերի նկատմամբ արտաքին վերահսկողություն իրականացնող մարմիններ՝ հնարավորություն ունենք լուծելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերը: Այս համատեքստում կարևորում եմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Մանասյանը:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչի կազմակերպման պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին: Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, արձանագրել բուժանձնակազմի բարձրացրած խնդիրներն ու նրանց առաջարկները:
Զորակոչիկների հետ առանձնազրույցում Պաշտպանը քննարկել է նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, զորակոչիկներին հետաքրքրող հարցերին: Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերն իր անմիջական ուշադրության կենտրոնում են: Անահիտ Մանասյանը դիմել է նաև իրենց որդիների վիճակահանության գործընթացին ուղիղ հեռարձակմամբ հետևող ծնողներին և վստահեցրել, որ հնարավոր խնդիրների առկայության դեպքում Պաշտպանի և աշխատակազմի արձագանքը լինելու է արագ: Այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական մարմիններին: