«Oragir.news»-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է

Հունիսի 28-ին «Oragir.news» կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի վերաբերյալ քրեական վարույթով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քննիչի միջնորդությունը՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը հսկող դատախազի՝ հունիսի 29-ի որոշմամբ բավարարվել է։ Այս մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե – CPFE-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գևորգ Էմին-Տերյանին մեղադրանք էր առաջադրվել տոնածառի հանդեպ «թշնամանք հրահրելու» գործով։ 2022թ․ դեկտեմբերի 14-ին Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ «Ի նշան բողոքի` պետք է հրապարակի տոնածառը վառել», որից հետո հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար։ Նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ և հանրային քրեական հետապնդում էր հարուցվել լրագրողի նկատմամբ։

Հունիսի 30-ին քրեական վարույթը կարճվել է։