Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Սահակաշվիլու հետ կլինիկայում տեղի ունեցած միջադեպի պատճառով

Թբիլիսիում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Ժակը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ լեհ բժշկի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որը փորձել է «Վիվամեդ» կլինիկայից հանել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլուց վերցված անալիզի նմուշները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Նա արդեն ժամանել է, նա դեսպան չէ, դեսպանն այժմ Լեհաստանում է: Նա, ով ներկա պահին ղեկավարում է առաքելությունը, այժմ հանդիպում է նախարարի հետ»,-ասել են նախարարությունից։

Հուլիսի 14-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ Սահակաշվիլուն զննելու համար Վրաստան ժամանած լեհ բժիշկներից մեկը փորձել է հանել Վրաստանի նախկին ղեկավարից՝ «Վիվամեդ» կլինիկայից վերցված թեստերը՝ դրանք թաքցնելով  կոշիկների մեջ։ Արդարադատության նախարարությունը հրապարակել է միջադեպը ցուցադրող կադրեր։ Բրեգաձեն հրապարակայնորեն դիմել է Վրաստանի ԱԳՆ և խնդրել գերատեսչությանը հետաքրքրվել պաշտոնական Վարշավայի դիրքորոշմամբ այս հարցում։

Սահակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սահակաշվիլին գաղտնի ժամանեց Վրաստան, սակայն ձերբակալվեց։ 2022 թվականի մայիսին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ մնում է մինչ օրս։ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սահակաշվիլին կեղծում է առողջական ծանր վիճակը՝ բանտից ազատվելու նպատակով։