Բացառվում է․ «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Ավետիք Չալաբյան

««Հայաքվեն» քաղաքացիական նախաձեռնություն է,  քաղաքական կուսակցություն չէ, որպես այդպիսին գրանցված չէ, որևէ  ընտրության մասնակցելու ֆորմալ հնարավորություն նույնիսկ չունի»,- ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ պատասխանելով հարցին, թե «Հայաքվեն» պատրասվո՞ւմ է  մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ներգրավվել քաղաքական պրոցեսներում։

Նա նաև նշեց, որ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի արդյունքների վավերացումը տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին,  իսկ ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին, ուղղակի  զուգահեռ երկու գործընթացի մասնակցելու ֆիզիկական հնարավորություն չունեն։

«Ինչքան էլ այս ընթացքում թափ հավաքած լինենք, պետք չէ գերագնահատել մեր հնարավորությունները, չենք կարող  երկու գործընթացի մասնակցել, առավել ևս որ մեկը քաղաքացիական է, մյուսը՝ քաղաքական»,- ասաց Չալաբյանը։

Նա նաև նշեց, որ «Հայաքվեն» չի սահմանափակվում ստորագրահավաքով. ստորագրահավաքի հետ կապված բոլոր գործառնությունները վերջացնելուց հետո օրենքի նախագիծը պետք է մտնի ԱԺ, իրենց հիմնական ջանքը դրվելու է նրա վրա, որ այդ օրենքի նախագիծն ընդունվի. «Սա հսկայական հանրային պրոցես է, ուստի մենք որևէ  կերպ չենք կարող մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Դրա ֆիզիկական հնարավորությունը չունենք, դրա հավակնությունն էլ ընդհանրապես չունենք»։

«Այլ բան է, որ  լինեն այնպիսի թեկնածուներ, որոնք մեր մասնակիցների համակրանքն են առաջանցում, գուցե ինչ-որ ձևով նրան օժանդակենք, եթե հնարավորությունն ունենանք։ Բայց բացառվում է, որ մասնակցենք ընտրություններին»,- ասաց Ավետիք Չալաբյանը։