Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանը բաժանել երկու մասի. Ալի Աքբար Վելայաթի

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Tasnim» գործակալությունում հրապարակած հոդվածում անդրադարձել է միջազգային իրավիճակին, Հայաստան-Իրան, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակին։

Վելայաթին, մասնավորապես, ասել է. «Այժմ, ուկրաինական պատերազմի ֆոնին, մենք ականատես ենք Թուրքիայի քաղաքականության փոփոխության մեկ այլ ոճի, որն իրեն ներկայացրեց որպես Ռուսաստանի մտերիմ։ Վերջին օրերին հաղորդվում էր, որ Թուրքիան համաձայնել է հավանություն տալ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այն նաև Ուկրաինային է հանձնել Ազովի զորքերի մի մասին: Դիրքորոշումների այս փոփոխության հետ մեկտեղ՝ վերջին ամիսներին բարձրացվել է նաև Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կապված լինելու հարցը, ինչին դեմ է Իրանը։ Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի և նրա մաս Նախիջևանի միջև կապերի դյուրացում լինի, հայկական տարածքների օկուպացման կարիք էլ չի լինի։ Այն բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Շատ փորձագետներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում` հարակից կողմերի միջև լարվածության հնարավորություն ստեղծելով։ Իրողությունները հայտնի դարձան, և փորձագետների ըմբռնումն այն է, որ Նախիջևանը Ադրբեջանի հետ այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ, նախ, Հայաստանը բաժանեն երկու մասի, երկրորդը` կտրեն Իրանի ու Հայաստանի կապը, որն սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը արտաքին աշխարհի հետ, և արդյունքում մենք հարևան կլինենք 14 երկրի՝ 15-ի փոխարեն, ու կխափանվի Իրանի ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։ Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի։ Իսկ ամենամտահոգիչը կլիներ սահմանին (տարածաշրջանում) օտար երկրների առկայությունը»։