Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին որոշում կայացրեց:

Նշենք, որ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորություններն ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»:

Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայքում գտնվող միակ կիրակի օրը):

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Մանե Թանդիլյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունից» Կարեն Սարգսյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից Հայկ Գրիգորյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունից Երվանդ Թարվերդյանը:

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել իր մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։