ՆԱՏՕ-ի հասցեին Զելենսկու քննադատությունը զայրացրել է ամերիկյան պատվիրակությանը. The Washington Post

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ պատվիրակության անդամները «կատաղել են» դաշինքի հասցեին Վլադիմիր Զելենսկու քննադատությունից, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ անանուն պաշտոնյային։

Զելենսկու խոսքերը «մեծ ճնշում» են գործադրում Հյուսիսատլանտյան դաշինքին՝ միևնույն ժամանակ օգնելով ուկրաինացիներին հասցնել «մինչև վերջ պայքարելու» պատրաստակամության մասին իր ուղերձը, կարծում է իրավիճակին ծանոթ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որը զրուցել  է WP-ի հետ:

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հաստատել են Ուկրաինային բազմամյա աջակցության փաթեթը, որը բաղկացած է երեք տարրերից: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ փաթեթը ներառում է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության հասնելու համար բազմամյա աջակցության ծրագիր, ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ձևավորում և անդամակցության գործողությունների ծրագրի կատարման պայմանի չեղարկում, ինչը կարագացնի անդամակցության գործընթացը:

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքի երկրների ղեկավարները հաստատել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցները որոշեն, որ պայմանները պահպանված են:

Զելենսկին որոշումների հրապարակումից հետո անհեթեթ է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հրավերի և անդամակցության ժամկետների բացակայությունը, ըստ նրա, դա նման է Կիևին դաշինք հրավիրելու պատրաստակամության բացակայությանը: