ՆԱՏՕ-ի երկրները պահանջ են ներկայացրել Ռուսաստանին և Իրանին

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դուրս բերել ուժերը Ուկրաինայից, իսկ Իրանին՝ դադարեցնել «աջակցությունը Ռուսաստանի Դաշնությանը»:

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերել ուժերն Ուկրաինայի տարածքից, ասվում է Վիլնյուսի գագաթնաժողովի առաջին օրվանից հետո արված ամփոփիչ հայտարարության մեջ:

«Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի այս անօրինական պատերազմը, դադարեցնի ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերի իր բոլոր ուժերն ու սարքավորումները Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից», – նշվում է փաստաթղթում:

Դաշինքի անդամները նաև կոչ են արել Իրանին դադարեցնել «ռազմական աջակցությունը Ռուսաստանին»։

«Իրանի աջակցությունը Ռուսաստանին՝ ընդդեմ Ուկրաինայի ազդում է Եվրատլանտյան անվտանգության վրա։ Կոչ ենք անում Իրանին դադարեցնել Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի փոխանցումը», – ասվում է հաղորդագրության մեջ ։