Ուկրաինան պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց ԱՄՆ-ը կարող է նրան երաշխիքներ տալ, ինչպես Իսրայելին. Բայդեն

Ուկրաինան դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, սակայն ԱՄՆ-ը կարող է նրան անվտանգության երաշխիքներ տրամադրել Իսրայելի նմանությամբ: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ վաղաժամ է քվեարկության դնել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը, քանի որ կան այլ պահանջներ, այդ թվում՝ ժողովրդավարացման մասով:

«Ուկրաինան այժմ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Դաշինքի անդամների մեջ չկա միասնություն Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցում։  Բայց Ուկրաինային պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար որակավորման ռացիոնալ ուղի առաջարկել», – ասել է Բայդենը։

Այսպես, խաղաղ գործընթացի մեկնարկից հետո ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ Իսրայելի պես, նշել է ԱՄՆ նախագահը։